Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում է
Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, արդեն Հայաստանում են։ Դրանք սեպտեմբերի 21-ից կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:
«Այսօր մեզ համար շատ խորհրդանշական օր է, որովհետև մեր Պատմության թանգարանում հնարավորություն ենք ունենում միջազգային որակի և մակարդակի ցուցադրություն բացել, և այդ համագործակցությունն իրականացնել աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցությամբ»,- Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ցուցադրության առանցքում Անահիտ աստվածուհու բրոզե արձանն է, բայց ցուցանմուշները մի քանիսն են լինելու։
«Հույս ունեմ, որ սա կլինի մեր մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը»,- ասաց Ժ. Անդրեասյանը՝ ակնկալելով թանգարանի մոտ հերթեր կլինեն այս կարևոր ցուցադրությունը տեսնելու համար:
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Ավելի վաղ մանրամասնելով ցուցահանդեսի գաղափարը՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշել էր. «Այս գաղափարն աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցության արդյունքում է ծնվել: 2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V-րդ դդ․) և Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․)։ Շատ հետաքրքիր ցուցադրություն էր. պատմական մայրաքաղաք Արտաշատից գտնված արջակերպ պրիտոններից մեկը համադրվեց պատմական Հայաստանից գտնված և Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանի բրոնզե դեմքի հետ: Հենց այդ ժամանակ էր, որ կազմակերպիչ-համակարգողների հետ փորձեցինք նաև հակառակը կազմակերպել, այսինքն՝ պատմական Հայաստանից գտնված այս արժեքների համատեղ ցուցադրությունը կազմակերպել նաև մեր երկրում՝ համադրելով Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ»: Դավիթ Պողոսյանի նշմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականի մարտը Հայաստանի պատմության թանգարանը հնարավորություն է ունենալու ցուցադրել և պատմականորեն կազմակերպել այս առարկաների հանդիպումը:
Panorama.am-ի հետ զրույցում ասել էր. ««Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցահանդեսում Բրիտանական թանգարանից բերվող մասունքները համադրվելու են Պատմության թանգարանի շատ արժեքավոր հավաքածուի հետ՝ սկսած նեոլիթյան ժամանակներից մինչև Քրիստոնեություն, մեր օրերը։ Բոլորը Մարիամ աստվածածին նվիրված ցուցանմուշներ են։ Խնդիրը լինելու է այս նմուշների միջոցով պատմել ամենակարևոր երևույթներից մեկի՝ մայր աստվածության և ընդհանրապես հավերժ թեմայի՝ մոր գաղափարի մասին։ Այս առումով Պատմության թանգարանն ունի արժեքավոր, համաշխարհային նշանակության հավաքածու, որը հանդիպելով Բրիտանական թանգարանում պահված մասունքներին, մեր այցելուների համար նորովի կմեկնաբանի այն բովանդակությունը, մեսիջները, որոնք մենք փորձում ենք փոխանցել մեր այցելուներին»։
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրման համար Հայաստանի պատմության թանգարանում ցուցասրահ է առանձնացվել
- Գործադիրը գումար հատկացրեց Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում ցուցադրելու և հանրահռչակելու համար
- Անահիտ աստվածուհու գլուխն ու ձեռքը Հայաստան կբերվի սեպտեմբերին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա