Մենք էլ ենք անհանգստացած Ադրբեջանի մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ. Անդրանիկ Քոչարյան
«Մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ, որն Ադրբեջանն իրականացնում է տարբեր երկրներից»,- ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ եթե նախկին իշխանությունները մտահոգված լինեին, ապա 44-օրյա պատերազմում խնդրի առաջ չէին կանգնի։
Քիչ անց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, արձագանքելով Քոչարյանին, ասաց, որ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվել ԱԹՍ-ներ գնելու՝ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ նախատեսված գնման պլանից, իսկ զինապահեստներում այնքան սպառազինություն է եղել, որ դրա կեսն անգամ չի օգտագործվել պատերազմում։
Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ Ադրբեջանն անհանգստացած է, որովհետև Հայաստանի կառավարությունն ու Զինված ուժերն իրականացնում են լայնածավալ ծրագրեր՝ անվտանգության մակարդակը մի քանի աստիճան բարձրացնելու ուղղությամբ։
«Դուք եղել եք մեր ամրաշինական աշխատանքների մի միջավայրում ու տեսել եք, թե ծավալներն ինչպիսին են, բայց դուք տեսել եք շատ փոքր հատվածը, դա ամբողջ Հայաստանի սահմանով մեկ իրականացված ծրագրեր են, ես դրանց անվանել եմ ամրոցներ, իսկ ամրոցների մեջ ծառայություն տանող անձնակազմը բավականին պաշտպանված է, պաշտպանված անձնակազմով հակահարված տալը շատ դյուրին է լինելու»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Նա հայտնեց, որ Հայաստանի խնդիրն անվտանգությունը բարձրացնելն է՝ նոր սպառազինությամբ ու կրթված անձնակազմով։