Կենտրոնական բանկը վերահսկելով չի վերահսկում. «Ինգո Արմենիայի» ֆենոմենը
Ապահովագրական ընկերությունները, փաստացի, գործում են վերահսկողությունից դուրս՝ ունենալով վերահսկող մարմին։ Ըստ էության այս մասին է ցուցանում ԿԲ-ի պատասխանը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում.
«Դեռևս հունիսին Մեծ Բրիտանիան հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում ևս 42 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ներգրավելու մասին։ Այսուհետ՝ ռուսական խոշոր ապահովագրական «Ինգոսստրախ»-ը գտնվում է պատժամիջոցների տակ։ Ապա նաև ԱՄՆ-ն միացավ ապահովագրական ընկերությունների դեմ պատժամիջոցներին։ Դա իր հերթին անդրադարձել է նաև Հայաստանի վրա։
«Ինգոսստրախ» ապահովագրական ընկերությունը դեռևս 2003-2004թթ. ձեռք է բերել ՀՀ-ում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական կազմակերպության 75 տոկոսը, հետևապես պատժամիջոցները ազդում են նաև այս ընկերության վրա ու արդեն մտահոգություններ ունեն նաև ֆիզիկական անձինք, որոնք հենց այս ընկերությունում են ձեռք բերել բժշկական ապահովագրություն ու արտերկիր մեկնելիս վտանգ կա,որ կարող են խնդիրների բախվել, այսինքն՝ արևմտյան երկիրը չեն ընդունի ապահովագրությունը, եթե հանկարծ նման անհրաժեշտություն առաջանա։ Ավելին՝ արտերկրում խնդիրների են բախվել նաև խոշոր արտահանող որոշ ընկերություններ, որոնց ապահովագրությունը՝ կատարված «Ինգո Արմենիա» ընկերության կողմից, չի ընդունվել։
Հուլիսի 19-ին «Ինգո Արմենիա» ընկերությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարեց, թե ընկերությունը համագործակցում է 12 վերաապահովագրող ընկերությունների հետ, որոնց թվում են CHUBB - UK/USA, Allianz – Germany, BMI – Barbados, Hannover RE – Germany, VIG – Austria, SCOR – France, Swiss RE- Switzerland, Polish RE – Poland, AIG - UK/USA, SAVA RE – Slovenia, ZURICH RE – Switzerland ընկերությունները։ Հրապարակված տեղեկատվությունը ողջամիտ կասկած է հարուցել, քանի որ անհասկանալի էր, թե ինչպես է հնարավոր պատժամիջոցներ հայտարարած երկրի վերաապահովագրական ընկերությունը շարունակի համագործակցել պատժամիջոցների տակ հայտնված ապահովագրական ընկերության հետ։
Ըստ այդմ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել Կենտրոնական բանկ՝ հետաքրքրվելով, թե որպես ոլորտի վերահսկող ու կարգավորող՝ ԿԲ-ն արդյո՞ք ստուգել է՝ հրապարակված տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե ոչ, արդյոք ներկայում «Ինգո Արմենիա»-ն շարունակու՞մ է համագործակցել նշված ընկերությունների հետ, թե՞ մոլորեցնում է հաճախորդներին, արդո՞ք ուսումնասիրվել է, թե արևմտյան պատժամիջոցները ինչ ռիսկ են ստեղծում, «Ինգո Արմենիա»-ի հաճախորդների համար։
ԿԲ-ից «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ նշված հրապարակումներում սպառողներին մոլորեցնելու դեպք չի արձանագրել:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցների ռիսկերին, ապա նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկն անմիջականորեն չի միջամտում ֆինանսական կազմակերպությունների կողմից իրականացվող գործառույթներին՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։ Ֆինանսական կազմակերպություններն ինքնուրույն են կառավարում իրենց ռիսկերը` ներառյալ գործող միջազգային պատժամիջոցների արդյունքում առաջացող ռիսկերը»,- հայտնել են ԿԲ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին