Խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից օգտվելու են Վրաստանը, Թուրքիան ու Իրանը. Փաշինյան
Հայաստանը բարձր է գնահատում, որ Վրաստանի կառավարության քաղաքականությունը նպատակաուղղված է տարածաշրջանային և միջազգային խաղաղության և կայունության հասնելուն։ «Սպուտնիկ Գրուզիա»-ն հայտնում է, որ Թբիլիսիում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը, ով երկուշաբթի պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի։
Հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունից կարճ ժամանակ անց բանակցություններ են տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ՝ նախ առանձին, ապա՝ ընդլայնված կազմով։
«Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի կառավարության ջանքերը։ Այն, որ ձեր քաղաքականությունը միտված է նպաստելու տարածաշրջանային և միջազգային խաղաղության և կայունության հաստատմանը»,-ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը, չնայած բոլոր դժվարություններին, շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու համար։
«Ես իսկապես հավատում եմ, որ մենք պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում փակելու հակամարտությունների գլուխը և կայուն խաղաղության հասնելու մեր տարածաշրջանում։ Համոզված եմ, որ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան ու Իրանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Իր հերթին Կոբախիձեն ասել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Վրաստանը աջակցում է Հարավային Կովկասում կայունությանը և խաղաղ գոյակցությանը, և այս առումով ես ցանկանում եմ ընդգծել մեր համատեղ ջանքերի կարևորությունը տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման գործում»,-ասել է Վրաստանի վարչապետը։
Կոբախիձեն ընդգծել է, որ Վրաստանը «պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում կատարել իր դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու գործում»։
Նա ընդգծել է նաև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո երկրների միջև համագործակցության խորացումը, այդ թվում՝ հաճախակի բարձր մակարդակի երկկողմ այցերը։
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը մարտին Հայաստանում ջերմ ընդունելության, ինչպես նաև Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցի և վրաց-հայկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական:
«Ուրախ եմ, որ հնարավորություն եղավ ևս մեկ անգամ կարծիքներ փոխանակել բոլոր թեմաների շուրջ, որոնք վերաբերում են վրաց-հայկական հարաբերություններին, տարածաշրջանում տեղի ունեցող և համաշխարհային գործընթացներին»,-ասել է Կոբախիձեն։