Որևէ տեսակի համակարգ այս տեսակ ֆորսմաժորին չի կարող դիմանալ. Տիգրան Ավինյանը Երևանի հեղեղման մասին
«Ես իհարկե կհամաձայնեմ, որ մեր հեղեղատար և անձրևատար համակարգը բավական հին և մաշված է և այդտեղ էական ներդրումների կարիք կա»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևների հետևանքով Երևանի հեղեղմանը։
Մինչ այդ քաղաքապետի խորհրդական կամո Արեյանը զեկուցեց մայրաքաղաքի բազմաթիվ
հատվածներում այլևս չի բավարարում ջրահեռացման թողունակությունը։ Նրա խոսքով «Վեոլիա Ջուր» ընկերության և քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման միջոցով հեղեղումների հետևանքները վերացված են, բոլոր ստորգետնյա անցումները մաքրված են, շքամուտներ ներթափանցած ջուրն էլ է մաքրվել։
«Մասնավորապես, ստորգետնյա անցումների մասին պետք է ասեմ: Վարդանանց ստորգետնյա անցումում նոր էին փոխարինվել պոմպերը: Այս անգամ շատ շատ էին բերվածքները, րոպեների ընթացքում ամբողջ անձրևընդունիչ ցանցը պատվում էր պոլիէթիլենային տոպրակներով, հագուստի և աղբի այլ տեսակներով: Տնտեսվարողների հետ Վարդանանց անցումում կքանդվեն բոլոր հորերը, կմաքրվեն պոմպերը, որոնք խցանվել էին բերվածքներից»,-ասաց Կամո Արեյանը։
Ավինյանը հավաստիացրեց, որ հենց այս շաբաթ կառավարությունում ներդրումների թեմայով քննարկում կանեն։
«Հիշեցնեմ, որ 2 տարի է, փաստացի, ինչ Երևան քաղաքը կոյուղի է կառուցում։ Կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես պետք է մարդիկ գործեն նմանատիպ ֆորսմաժորների դեպքում, այստեղ էլ անելիք ունենք»,-ասաց Ավինյանը։
Նա կարևորեց մարդկանց իրազեկ լինելու հանգամանքը, որ ճիշտ գործեն նման ֆորսմաժորային իրավիճակում։
«Շատ դեպքերում որևէ տեսակի համակարգ այս տեսակ ֆորսմաժորին չի կարող դիմանալ: Իհարկե, բոլոր այն հատվածներում, որտեղ կարող ենք նվազագույնը մեղմել նմանատիպ իրավիճակներում հեղեղումերից առաջացած խնդիրները, անպայման պետք է անենք:
Ես նման հեղեղումներ Երևան քաղաքում չեմ հիշում: Մի քանի ամսվա նորմայի չափով մեկ ժամում եկած անձրև է՝ արդեն որերորդ անգամ և սա կրկնվում է, կրկնվում է, կրկնվում է: Պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին և մեր ծրագրերն այդպես սկսենք պլանավորել»,-հայտարարեց քաղաքապետը: