Երևանի ծննդատներից մեկում 42-ամյա կնոջ արգանդից 10 կգ կշռող միոմա է հեռացվել
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կինը արգանդի մեծ չափի միոմա ունի: ԲԿ-ից համեմատության համար նշում են, որ միոման համապատասխանել է հասուն հղիության (40 շաբաթական) չափերի:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը, մանկաբարձ-գինեկոլոգ Լիլիթ Մեղրյանի հետ և անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Լուսինե Դանիելյանի մասնակցությամբ կատարել է վիրահատությունը, հեռացրել է միոման, որը 10 կիլիգրամ է կշռել: Կատարվել է երկայնաձիգ լապարոտոմիա` արգանդի և արգանդափողերի հեռացում:
«Նման չափի միոմաները եզակի են և ախտորոշվում են վերարտադրողական տարիքի կանանց շրջանում: Այս միոմաների վիրահատությունները պահանջում են մասնագիտական լուրջ հմտություններ, հիվանդանոցային մեծ հնարավորություններ, տեխնիկական հագեցվածություն, քանի որ լուրջ ռիսկեր են պարունակում: Վիրահատության ընթացքում մեծ է հատկապես արյունահոսության վտանգը: Սակայն Անդրանիկ Պողոսյանի պրոֆեսիոնալիզմի, բժիշկների թիմային աշխատանքի, ինչպես նաև կենտրոնի ճիշտ կառավարման արդյունքում այս վիրահատությունը ևս բարեհաջող է անցել»,-նշում են ԲԿ-ից։