Մենք ապրում ենք վատ ժամանակներ․ ՀՀԿ ԳՄ անդամ
«Տոկուն են այն ազգերը, որոնք կարողանում են իրենց մեծերին արժևորել։ Այն հերոսները, որոնք այս գրքում նկարագրված են, արդեն իրենց տեղն ունեն՝ մեր բոլոր հերոսամարտերի հերոսների հետ»,- Արցախյան հերոսներին նվիրված հուշ-երեկոյի և «Մերօրյա հերոսները» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ պետք է ապրենք այնպես, որպեսզի հասնենք այն նպատակների իրականացմանը, որոնց համար զոհվեցին մեր քաջերը։
«Այսպիսի ձեռնարկները հզոր խթան են, որպեսզի ոչ միայն մենք դաստիարակվենք այդ հերոսություններով, այլև մեր մտերիմներին, զավակներին ցույց տանք,թե մարդիկ ինչպես են ապրել։ Մենք ապրում ենք վատ ժամանակներ, որովհետև դասգրքերից հանում են մեր ժողովրդի հերոսությունները, սուրբ եկեղեցու պատմությունը, աղավաղում են և ներկայացնում են այնպես, ինչպես մեր թշնամիներն են ցանկանում»,- ասաց Մինասյանը։
Քաղաքական գործիչն իր խոսքի ավարտին նշեց, որ ընտրության երկու ճանապարհ կա․ «Կամ մենք կգնանք այն ճանապարհով, որով այսօր ուզում է մեր իշխանությունը՝ մեր թշնամիների թելադրանքով, կամ էլ ՝ այս գրքի հերոսների ճանապարհով։ Կարծում եմ՝ կընտրենք երկրորդ տարբերակը»։
Հուշ-երեկոն կազմակերպվել է ՀՀԿ հոգևոր, մշակութային, գիտակրթական հանձնաժողովի կողմից։«Մերօրյա հերոսները» գրքի հեղինակը Նվեր Թևանյանն է, որը հերոս Դավիթ Թևանյանի եղբայրն է։ Հեղինակն արցախյան պատերազմից հետո իրեն նվիրել է հերոսացած եղբայրների հիշատակի հավերժացմանը։ «Մերօրյա հերոսները» Թևանյանի թվով երկրորդ գիրքն է, որտեղ ներկայացված է Արցախյան վերջին պատերազմում ընկած հերոսների կյանքը։ Շնորհանդեսի ընթացքում, գրքի հեղինակը չխոսեց՝ հուզված լինելու պատճառով։