Եկեղեցին որևէ մեկի առջև ոչ կխոնարհվի, ոչ էլ ծնկի կիջնի՝ բացի մեր Տիրոջից ու Աստծուց. Նաթան Սրբազան
«Եթե Աստծո առջև չեք խոնարհվում, ստիպված պետք է լինեք խոնարհվել մարդու առջև։ Ընտրությունը ձերն է»,- լրագրողների հետ հանդիպմանը երջանկահիշատակ Վազգեն Առաջինի խոսքերը հիշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ եկեղեցականներին պետք է ծնկի բերել։
Նաթան Սրբազանը շարունակեց. «Մենք ընտրել ենք Աստծո առջև խոնարհումը։ Ծնկի բերելու հայտարարություններ այնքան են եղել, մենք մեր պատմական հիշողությունը չենք կորցրել։ Բայց Հայ Առաքելական եկեղեցին մեր ազգի հետ միասին հարություն է առնում, կամ ազգը եկեղեցու հետ հարություն է առնում և Եկեղեցին որևէ մեկի առջև ոչ կխոնարհվի, ոչ էլ ծնկի կիջնի՝ բացի մեր Տիրոջից ու Աստծուց։ Թող մտահոգվեն նրանք, ովքեր Աստծո առաջ չեն խոնահրվում ու ծնկի գալիս»։
Նաթան Սրբազանի խոսքով, բոլոր հեղափոխություններից հետո եկեղեցու նկատմամբ նոր իշխանությունները որոշակի վերաբերմունք են ունեցել, որովհետև վախ են ունեցել կիսելու եկեղեցու հետ միասին իրենց իշխանությունը։
«Չեն հասկանում, որ եկեղեցու իշխանությունն այս աշխարհից չէ։ Մեր իշխանությունն այս աշխարհից չէ, իսկ իրենց պատկերացրած իշխանությանը մենք երբևէ չենք ձգտի։
Քաղաքականություն ու քաղաքացիական դիրքորոշումն ու իրավունքը շատ բարակ մի սահման ունեն, որը շատ անգամ աներևույթ է, քանի որ քննարկվելիք հարցերը, մտահոգությունները, խնդիրները բոլորը երկու տեղում էլ նույնն են։ Բայց տարբերվում են նրանով, որ եթե մեկը զբաղվում է քաղաքականությամբ, ուրեմն դա ենթադրում է իր մեջ նրա վերջնական նպատակը քաղաքական իշխանություն ունենալն է։ Եկեղեցին այդ բոլոր հարցերով զբաղվում է իր քաղաքացիական պարտականության իրավունքի և կեցվածքի շնորհիվ, որը երբեք չի ենթադրում, որ եկեղեցին հավակնություն ունի քաղաքական իշխանություն ունենալու, որը ոչ մի կերպ, ցավոք, այսօր չեն ուզում հասկանալ, և իրենք իրենց մեջ են պարանոիդալ վախեր ձևավորել։ Չգիտես ինչու՝ այդ վախերն անընդհատ կան։
Իսկ այդ մրցակցություն կոչվածը... Հիշեք Բոլշևիկյան հեղափոխությունից հետո ինչ եղավ։ Ո՞ւմ ուզեցին առաջինը չեզոքացնել։ Բնականաբար, եկեղեցուն ամբողջ Սովետական միության տարածքում, որովհետև հակառակորդ էին տեսնում կիսելու իրենց իշխանությունը»,- ասաց Նաթան Սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությանը հրավիրելը որևէ ձևով դիրքորոշումների փոփոխություն չի նշանակում. Արշակ Սրբազան
- 500 տարի հետո էլ մենք ապրելու ենք պատմական մեր հայրենի հողի վրա. Մուշեղ Սրբազան