Գլխավոր դատախազը վերացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից քրեական վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցներ կիրառելուց հետո, 2024 թվականի հունվարի 20-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել տևական ժամանակ քննված և նախկինում հանցակազմի բացակայության հիմքով կարճված՝ ծանր հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով:
Գլխավոր դատախազությունից մանրամասնում են. «Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ Մ.Մ.-ն, նախնական համաձայնության գալով 3 այլ անձանց հետ, 2020 թվականի օգոստոսի 20-ին Տավուշի մարզի տարածքում ավտոմեքենաներով հետապնդել է Ա.Հ.-ին, առևանգել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Մ.Մ.-ն վերոնշյալ անձանց հետ Ա.Հ.-ին տեղափոխել է գյուղում գտնվող՝ իրեն պատկանող տուն, բռնություն գործադրելու սպառնալիքով Ա.Հ.-ից վերցրել շուրջ 630 հազար դրամ արժողության բջջային հեռախոսների աքսեսուարներ, որից հետո Ա.Հ-ին թույլ են տվել հեռանալ:
2024 թվականի հունվարի 20-ին դատախազն իր նախաձեռնությամբ Մ.Մ.-ի, Ա.Մ.-ի և Տ.Հ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելը), իսկ Յ.Մ.-ի նկատմամբ՝ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
2024 թվականի փետրվարի 2-ին դատախազը հաստատել է մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան:
2024 թվականի օգոստոսի 2-ին դատարանը կայացրել է մեղադրական վերդիկտ, իսկ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին՝ բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան