Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն այսօր նշում է 22-ամյակը
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 49-րդ տեղն ու արդեն մի քանի միջազգային մրցաշարերի է մասնակցել ՀՀ դրոշի ներքո, այսօր նշում է ծննդյան 22-ամյակը։
Նրան այսօր ընդունել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը։ Վերջինը ողջունել է Էլինա Ավանեսյանի՝ ՀՀ դրոշի ներքո հանդես գալու որոշումը:
«Ձեր օրինակը կոգեշնչի ու կմոտիվացնի մեր երեխաներին՝ զբաղվելու թենիսով և ավելի ակտիվորեն ներգրավվելու սպորտում: Հավատացած եմ, որ դեռ մեծ հաջողություններ եք ունենալու, ինչը կնպաստի նաև մեր երկրում թենիսի մասսայականացմանն ու զարգացմանը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Էլինա Ավանեսյանը խոստովանել է՝ շատ հպարտ է հանդես գալ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո: Նա հույս է հայտնել, որ կկարողանա նպաստել մեր երկրում մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը: Թենիսիստուհին պատմել է՝ երեկ Երևանում հանդիպել է նաև 100-ից ավելի երեխաների հետ, վարպետության դաս անցկացրել նրանց հետ, կիսվել խորհուրդներով: Ավանեսյանը նաև ինքնագրեր է բաժանել և լուսանկարվել նրանց հետ:
«Տպավորություններս աննկարագրելի են: Հիանալի փորձառություն էր: Շատ մեծ աջակցություն եմ ստանում այստեղ, ինչը շատ ոգևորիչ է ինձ համար»,- խոստովանել է մարզուհին:
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությամբ մեծ տեղ է հատկացվում նաև թենիսի զարգացմանը, և պրոֆեսիոնալ մարզիկների հետ համագործակցությունը և նրանց ներուժի օգտագործումը շատ կարևոր է:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Էլինա Ավանեսյանի՝ առաջիկա մրցաշարերի մասնակցությանը վերաբերող հարցեր։
Հարակից հրապարակումներ`
- Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն արցախյան բարբառով շնորհակալություն հայտնեց ներկաներին
- US Open. Էլինա Ավանեսյանը պարտվել է առաջին շրջանում
- Էլինա Ավանեսյանը Մոնտերեյի մրցաշարի երկրորդ շրջանում պարտվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան