«Ժողովուրդ». ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ հանդիպումը նախաձեռնել էր հենց Բագրատ Սրբազանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը խորհրդարանում հանդիպեց ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ: Սրբազանը ՔՊ-ին ևս հենց ԱԺ-ում հանդիպելու «առաջարկ» արեց, սակայն ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՔՊ-ական մի սարկազմիկ պատասխան էր տվել՝ «թող զանգեն, գրանցվեն, եթե խոսելու բան ունեն»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բագրատ սրբազանի և ընդդիմադիրների հետ հանդիպումը մոտ երկու ժամ է տևել. այն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի աշխատասենյակում էր ընթանում: Մինչ այս շատ անգամներ են Բագրատ սրբազանը և խորհրդարանական ընդդիմությունը հանդիպել, սակայն ԱԺ-ում նմանօրինակ հանդիպում առաջին անգամն էր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումը նախաձեռնել էր հենց Բագրատ սրբազանը: Հանդիպման օրակարգում հիմնականում սեպտեմբերի 22-ի հավաքն է եղել, և Նիկոլ Փաշինյանին հանրային ճնշմամբ իշխանությունից հեռացնելու հարցը: Բագրատ սրբազանը ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ սպասելիքներ ունի այդ հավաքից, ընդդիմադիրներն էլ վերահաստատել են, որ պատրաստ են աջակցելու շարժմանը թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում: Բագրատ սրբազանը ներկայացրել է նաև այս ընթացքում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները, մինչ այս արված աշխատանքը, քննարկվել են նաև շարժման առաջիկա անելիքները:
Բագրատ սրբազանը և ընդդիմադիրները վերահաստատել են, որ շարժման և պայքարի բանալին հանրության շրջանում լայն կոնսոլիդացիա ապահովելն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։