«Ժողովուրդ». «Վեոլիա ջուրն» է պատասխանատու Երևանի ջրահեռացման գործընթացի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ամեն անգամ հորդառատ անձրևներից հետո Երևանը վերածվում է «Հայկական Վենետիկի»: Ամեն ինչ թերևս իսկապես գեղեցիկ կլիներ, եթե յուրաքանչյուր անձրևից հետո ողջ Երևանով խայտառակ իրավիճակ չստեղծվեր: Անձրևաջրերը հեղեղում են փողոցները, խանութները, տները, իսկ մարդկանց ավտոմեքենաներն անցնում են ջրի տակ: Համապատասխան կառույցներն էլ, մեկը մյուսի վրա մեղքը բարդելով, խուսափում են պատասխանատվությունից: Երբ խնդրի առնչությամբ դիմում ենք քաղաքապետարան՝ հասկանալու, թե ի վերջո ով է պատասխանատու իրավիճակի համար, երբ կվերանա այս խայտառակ դրությունը, ուղղորդում են «Վեոլիա ջուր»՝ պարզաբանելով, որ նրանք են ջրահեռացման գործընթացի պատասխանատուն:
Այս խնդիրը, թերևս, շատ խոր արմատներ ունի: Նախ՝ Երևանում տասնամյակներով քաղաքաշինական պլանավորում չի իրականացվում, ինչը թույլ կտար խուսափել նման իրավիճակներից, բացի դրանից՝ մայրաքաղաքում ջրատար խողովակներն ու կոյուղատարները ևս խայտառակ վիճակում են. անհիշելի ժամանակներից դրանք չեն թարմացվել, չեն նորոգվել, այդ պատճառով էլ նախատեսված գործառույթները պատշաճ չեն իրացնում: Մայրաքաղաքում հատկապես վերջին տարիներին նորակառույց բազմաթիվ բնակարաններ և շինություններ են ավելացել, որոնք նույնպես միացված են այդ անբարեկարգ վիճակում գտնվող ջրատար խողովակներին: Արդարության համար նշենք, որ հորդառատ անձրևները սպառնալիք են անգամ ևրոպական շատ զարգացած երկրների, խոշոր քաղաքների համար, որտեղ նույնպես անձրևներից հետո հեղեղ է առաջանում: Մասնավորապես, երկու օր է, ինչ հեղեղված են Լեհաստանի, Ռումինիայի, Հունգարիայի, Սլովակիայի և հատկապես Չեխիայի շատ քաղաքներ, գյուղեր:
Երևանում, իրապես, խնդիրները բազմաթիվ են, որոնց մեջ ամենից հրատապ լուծում պահանջողն էլ հենց ջրատար համակարգի արդիականացնումն է և հեղեղներին վերջ դնելը, իսկ դրա համար քաղաքապետարանը պարտավոր է քաղաքային պլանավորման նոր և արդյունավետ ծրագիր մշակել. մինչդեռ նույն քաղաքապետարանը ստիպված է հարկատուներիս փողերով ձևավորված Երևանի բյուջեից գումարներ ծախսել՝ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կամ կանխման համար, որոնց պատասխանատուն նույնիսկ ինքը չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։