YouTube դրամայնացման ակտիվացման խնդիր և Google քարտեզների ճշգրտում. Ընկերության պատվիրակությունը Հայաստանում է
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Google» ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:
Նախարարությունից հայտնում են՝ հանդիպման ընթացքում քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորություններն, անդրադարձ է եղել նաև Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին:
««Google»-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն մենք
տեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելու
առումով՝ ամպային ծառայություններից մինչև արհեստական բանականության
կիրառումը տարբեր ոլորտներում»-ընդգծել է Հայրապետյանը։
Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության նախադրյալներին և հնարավորություններին, ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչև տեխնոլոգիական ոլորտ՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու նշանակությունը:
Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն ապագայում կյանքի կոչելու, երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ: