«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության բացումը՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվեն հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։
Հայաստանի պատմության թանգարանից հայտնում են, որ ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից կներկայացվի նաև ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ամփոփելով Մայր աստվածության գաղափարը նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։
Այցելուների համար ցուցադրության մուտքը բաց է ժամը 20։00-ից։
Մայր աստվածուհու պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում սկիզբ է առել դեռ քարի դարից և անցել փոփոխությունների տևական ընթացք՝ կախված տարբեր աշխարհայացքային և գեղագիտական առանձնահատկություններից։ Ի սկզբանե մարմնավորելով «ծնող և վերարտադրող» կնոջ բնույթը՝ նա ներկայացվում էր որպես տոհմի շարունակականության խորհրդանիշ։ Հետագայում ձևավորվում են «Մայր աստվածուհու» մի շարք այլ գործառույթներ` երկրագործության խորհրդանիշը, ընտանիքի բարեկեցությունն ապահովողը, բժշկողը և այլն։ Առանձնակի շեշտվում է նրա «արարող» էությունը, ինչը բխում է առասպելաբանության մեջ կնոջ և «Մայր հողի» նույնացման գաղափարից։
Հելլենիստական շրջանում մայրության խորհրդանիշը Անահիտ աստվածուհին էր։ Նա պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, իսկ վաղ շրջանում նաև ռազմի աստվածուհին էր և համարվում էր հայկական դիցարանի գլխավոր աստվածություններից մեկը։ Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։
Հայաստանում Անահիտի պաշտամունքը սկսել է տարածվել առնվազն Ք.ա. 4-րդ դարում՝ հետևելով դրա տարածմանը Փոքր Ասիայում և Սիրիայում։ Անահիտ աստվածուհու սրբավայրեր հիշատակվում են նաև Իրանում։ Հելլենիստական և հատկապես հռոմեական դարաշրջանում ստեղծվեցին առավել բարենպաստ պայմաններ մշակութային ընդհանրությունների և աստվածների սինկրետիզացիայի համար։ Անահիտը համեմատվում էր Արտեմիսի, Նանեի, Աֆրոդիտեի, Աթենասի, Մայի, Կիբելեի, Տյուխեի, Նիկեի և այլոց հետ։ Այս երևույթն ավելի հստակ է դրսևորվում սկսած Ք.ա. 1-ին դարից, երբ Փոքր Ասիայից և այլ երկրներից Հայաստան բերվեցին և տաճարներում տեղադրվեցին հունական աստվածությունների արձանները։
Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի երկարատև համագործակցության արդյունքում։
Ցուցադրությունն անցկացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ցուցադրության գլխավոր հովանավորն է «Կերոն» զարգացման հիմնադրամը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա