ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածր, ինչը հաջողություն է. ԱԽ քարտուղար
«Հայաստանի անվտանգության, արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը բազմազանեցումն է, և դրա հիմնական նպատակն է այն խնդիրները, որոնք ունեցել ենք առնվազն 2020-ի պատերազմի ընթացքում և դրանից հետո, կարողանանք կառավարելի դարձնել, նաև Հայաստանի կարողություններն ավելացնել»,- Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ բազմիցս խոսել են Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, և դիվերսիֆիկացիան, և բազմազանեցումն իրենց հիմնական առաջնահերթությունն է:
«Եթե անվտանգության ոլորտում մի շարք հաջողություններ ունենք, տնտեսության ոլորտում դեռևս մեծ հաջողություններ չունենք, բայց մենք շարունակում ենք մեծ ծավալով ջանքեր ներդնել, որպեսզի կարողանանք հաջողություն ունենալ:
Հաջողություններից մեկը, որը որպես օրինակ հաճախ ենք նշում, մեր ռազմատեխնիկական համագործակցությունն է: Նախկինում մենք 96 տոկոսից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել ենք Ռուսաստանի հետ, այսօր այդ թիվը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածրի, ինչը վերջին 3-4 տարվա քաղաքականության հաջողությունն է: Այսօր մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Մեկը Հնդկաստանն է, մյուսը՝ Ֆրանսիան, և մենք փնտրում ենք այլ գործընկերներ, որպեսզի այդ ուղղությամբ մեր տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն»,-ասաց նա:
ԱԽ քարտուղարի խոսքով, իրենք նպատակ ունեն, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում, այսինքն ռազմարդյունաբերության ոլորտը սպասարկի Հայաստանի կարիքը։
«Սա մեր ռազմավարական նպատակն է: Եվ ունենալ 4-5 գործընկերներ, ամեն մի գործընկերոջ հետ ծավալը 20 տոկոսից ավելի չգերազանցի»,- ասաց Ա.Գրիգորյանը։
Նա նաև նշեց, որ եթե 2020 թվականի ռազմարդյունաբերությանը տրվող բյուջեն, այսինքն պատվերը x գումար է եղել, ապա վերջին 4 տարիներին այդ գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։
Նա նշեց, որ ռազմականացումը միայն մեր տարածաշրջանում չէ տեղի ունենում։
«Սա գլոբալ խնդիր է, Հայաստանն այս տրենդին համահունչ է։ Ի դեպ, մենք մեր կարողությունները ձեռք ենք բերում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։
Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություններ են ինքնիշխանության ամրապնդումը, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը: Մեր նպատակն է նաև, որ բազմազանեցման գործընթացը սպասարկի հենց այս ռազմավարական նպատակները»,- ասաց Ա. Գրիգորյանը։
Նա նշեց, որ փնտրում են նոր գործընկերներ նաև տնտեսական հարցերով. «Տնտեսության բազմազանեցումը ևս կարևոր է: Այսօր աշխարհում գրեթե բոլոր երկրները փնտրում են բազմազանեցում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին