Միջազգային դատական գործընթացները խաղաղությանը երբեք չեն կարող հակադրվել. Եղիշե Կիրակոսյան
«Այս պահի դրությամբ կարող եմ ասել՝ գործերը շարունակվում են, իրավական ընթացքը շարունակվում է, մենք ակնկալում են վճիռ»,-Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, թե որքա՞ն է հավանականությունը, որ Հայաստանը հետ կկանչի արդարադատության միջազգային դատարաններից իր գործերն ընդդեմ Ադրբեջանի։
Նա նշեց, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջազգային ատյաններում ներկայացված գանգատները հետ կանչելու հարց օրակարգում չկա։
«Կարծում եմ՝ շարունակվել են իրավական գործընթացները։ Այդ հարցին թույլ տվեք մոտավորապես այս տրամաբանությամբ պատասխանել. իմ ընկալմամբ, նաև իմ՝ թե միջազգային իրավունքի մասնագետի, թե քաղաքացու տրամաբանությամբ, միջազգային դատական կամ իրավական գործընթացներն իրենք խաղաղությանը երբեք չեն կարող հակադրվել։
Ցանկացած փորձ, որ հակադրվի միջազգային իրավական գործընթացները խաղաղության կամ կարգավորման պրոցեսին, կարծում եմ, դրանք արհեստական են։ Պատահական չէ, որ նման հակադրությունները գալիս են մեր հարևան պետությունից, այսինքն՝ պատասխանող պետություն Ադրբեջանից։ Առաջին անգամ նման գաղափար հնչել է Ադրբեջանի կողմից և նման գաղափարի հնչեցումը Ադրբեջանի կողմից շատ բանի մասին է խոսում։
Նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանն անհանգստացած է իրավական գործընթացներով։ Այդ դատական գործընթացները, որոշումները շատ կարևոր ազդեցություն ունեն Ադրբեջանի վարքագծի վրա որպես երկրի ու դրանց շարունակելիությունը շատ կարևոր է։ Դա կարելի է ասել խաղաղության ամբողջական փաթեթի մի մասն է, քանի որ, կարծում եմ, խաղաղության հարատևության տեսանկյունից իրավական գործընթացները շատ կարևոր առանցքային դեր են կատարում»,- ասաց Ե.Կիրակոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին
- ԵԽ նախարարների կոմիտեն Ադրբեջանին կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումը
- ԵԽ նախարարների կոմիտեն քննարկում է Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ երկու վճռի իրականացման ընթացքը
- Արա Ղազարյան. Կոչ եմ անում արցախցիներին հեղեղել ՄԻԵԴ-ն անհատական գանգատներով
- Սիրանուշ Սահակյան. Չեմ բացառում գերեվարվածների մասով նաև անհատական գանգատներ ներկայացնենք ՄԻԵԴ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին