Հայաստանի պատմության թանգարանի դռները սեպտեմբերի 21-ին բաց կլինեն մինչև ժամը 24։00
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը։
«Պատմության տարբեր կետերի հանդիպում և երկխոսություն. Անահիտ աստվածուհու արձանից պահպանված գլուխն ու ձեռքը և Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ` Մայր Աստվածություն․ Անահիտից Մարիամ միջազգային ցուցահանդեսում։
Մայր աստվածությունը` մայր թանգարանում։
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին` ժամը 20։00-ին։
Հայաստանի պատմության թանգարանի դռներն այդ օրը բաց կլինեն մինչև ժամը 24։00-ն»,- հայտնում են Պատմության թանգարանից։
Հիշեցնենք, որ Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը և ձեռքը, Հայաստանում են բերվել սեպտեմբերի 16-ին հատուկ այս ցուցադրության համար, որը կգործի մինև 2025 թ. մարտ։
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասել էր. ««Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցահանդեսում Բրիտանական թանգարանից բերվող մասունքները համադրվելու են Պատմության թանգարանի շատ արժեքավոր հավաքածուի հետ՝ սկսած նեոլիթյան ժամանակներից մինչև Քրիստոնեություն, մեր օրերը։ Բոլորը Մարիամ աստվածածին նվիրված ցուցանմուշներ են։ Խնդիրը լինելու է այս նմուշների միջոցով պատմել ամենակարևոր երևույթներից մեկի՝ մայր աստվածության և ընդհանրապես հավերժ թեմայի՝ մոր գաղափարի մասին։ Այս առումով Պատմության թանգարանն ունի արժեքավոր, համաշխարհային նշանակության հավաքածու, որը հանդիպելով Բրիտանական թանգարանում պահված մասունքներին, մեր այցելուների համար նորովի կմեկնաբանի այն բովանդակությունը, մեսիջները, որոնք մենք փորձում ենք փոխանցել մեր այցելուներին»։
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում է
- Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրման համար Հայաստանի պատմության թանգարանում ցուցասրահ է առանձնացվել