Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքների համար հավաքագրվել են 120 կամավորներ
Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավոր երիտասարդներին՝ ուղեկցությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման հոգևոր տեսուչ, կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանի:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ կամավորական աշխատանքների համար հավաքագրվել են շուրջ 120 երիտասարդներ՝ «Համահայկական կամավորական միություն» ՀԿ-ից, ՀԵՀԵՄ-ի և Հայաստանի տարբեր թեմերի եկեղեցասեր երիտասարդաց միություններից:
Հանդիպմանը Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման Արարողակարգային հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, տեղեկություններ է փոխանցել սրբազան արարողությունների ընթացքում երիտասարդների կողմից իրականացվելիք աշխատանքների մասին։
Այնուհետև հայորդիներին իր հայրական օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ բարձրորեն գնահատելով նրանց պատրաստակամությունը հայ ժողովրդի և Եկեղեցու համար պատմական իրադարձությունների կազմակերպչական աշխատանքներին իրենց կամավոր մասնակցության համար։ Այս առնչությամբ Հայոց Հովվապետը կարևորել է Եկեղեցու առաքելության գործում երիտասարդների դերը՝ հորդորելով բարձր գիտակցությամբ, պատասխանատվության մեծ զգացումով և պատշաճորեն իրականացնել Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ընթացքում իրենց պարտականությունները։
Վեհափառ Հայրապետը կամավորների հետ զրուցել է նաև հոգևոր կյանքի նկատմամբ ուշադրության, եկեղեցասիրության, աղոթական կյանքով ապրելու անհրաժեշտության և մեր սուրբ հայրերի կերտած ազգային ու հոգևոր արժեքներին հաղորդ դառնալու կարևորության մասին։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման համակարգող հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները կայանալու են սեպտեմբերի 28-ին և 29-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան