ԵԽ-ն անդրադարձել է Արսեն Խառատյանի՝ Վրաստան մուտքի արգելքին
Եվրոպայի խորհրդի լրագրողների անվտանգության հարթակն անդրադարձել է բելառուս ու հայ լրագրողներ Անդրեյ Միալեշկայի ուԱրսեն Խառատյանի՝ Վրաստան մուտք գործելու արգելքին։
ԵԽ-ն երկրորդ մակարդակի զգուշացում է հայտարարել, ինչը նշանակում է, որ Վրաստանում կան ԶԼՄ-ների ազատությանը սպառնացող լուրջ սպառնալիքներ, որոնք անհիմն կերպով սահմանափակում են լրատվամիջոցների ազատությունը կամ տեղեկատվության հասանելիությունը, լրատվամիջոցների ազատության համար լուրջ վտանգ են ներկայացնում։
Սեպտեմբերի 15-ին բելառուս լրագրող Անդրեյ Միալեշկային, ով 2021 թվականից բնակվում է Վրաստանում, Լեհաստանից վերադառնալուց հետո արգելվել է մուտք գործել երկիր։ Մերժման հիմքերը նշվել են որպես «վրացական օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»։
«Նրանք մեզ հետ են ուղարկում Լեհաստան՝ առանց որևէ բացատրություն տալու։ Մեր անձնագրերն առգրավվել են, և մենք հիմա նստած ենք Քութաիսիի օդանավակայանի տարօրինակ սենյակում»,- գրել է Միալեշկան սոցցանցում։
Բելառուսի լրագրողների ասոցիացիայի տվյալներով՝ Միալեշկան լքել է Բելառուսը քաղաքական հետապնդումների պատճառով և վերջին երեք տարիներին բնակվում էր Վրաստանում։ Լրագրողին և նրա դստերը, ում հետ նա ճանապարհորդում էր, հետ են ուղարկվել Լեհաստան՝ Վարշավա, իսկ կինն ու մյուս երեխան մնացել են Վրաստանում։
Նշվում է, որ սեպտեմբերի 16-ին «Ալիք մեդիա» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը նույնպես հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան՝ հետ ուղարկելով Եվրոպա։ Նա սեպտեմբերի 18-ի համար ուներ Թբիլիսիից Երևան չվերթի տոմս, սակայն սահմանապահները Խառատյանին տեղեկացրել են, որ, ըստ օրենքի, եթե անձին արգելում են մուտքը, նա պետք է հետ ուղարկվի իր մեկնման կետ։
Խառատյանը սոցցանցերում հայտնել է, որ իրեն 4 ժամ պահել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում՝ մինչ Եվրոպա հետ ուղարկելը
«24 ժամ օդում, 3 օդանավակայան, 4 օդանավ՝ մոտավորապես սենց վիճակում հասա Լյուքսեմբուրգ ։ Ամեն դեպքում ինձ մոտ ամեն ինչ նորմալ է սիրելի ընկերներ, վաղը ավելի մանրամասն կգրեմ այս փորձառության կուրյոզների մասին»,-գրել էր Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում։
Մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 11-ին, վրացի սահմանապահները Խառատյանին կարճ ժամանակով պահել են Թբիլիսիի միջազգային օդանավակայանում և նրան տվել են թերթիկ՝ որպես մուտքի մերժման հիմք նշելով «Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքեր»: Սակայն այդ առիթով նրան ի վերջո թույլ են տվել մուտք գործել երկիր։
«2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Խառատյանը եղել է Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը, իսկ մինչ այդ աշխատել է ԱՄՆ-ում՝ որպես թղթակից։
«Սպասում ենք հետագա գործողությունների՝ վերանայելու Անդրեյ Միալեշկայի և Արսեն Խառատյանի նկատմամբ կիրառված մուտքի արգելքը: Դադարեցրեք լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների մուտքը երկիր արգելելու պրակտիկան»,-ասված է ԵԽ տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մալյան. Լուրջ իրադարձություններ են սպասվում մեր տարածաշրջանում, այս իշխանությանը հեռացնելու ռեալ դուռ է բացվելու մեկ ամսվա ընթացքում
- Արսեն Խառատյանին պահում են Թբիլիսիի օդանավակայանում
- «Զվարթնոցում» հացադուլ իրականացրած լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան