15:06 19/09/2024 Հայաստան

Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից մեկ տարի անց Բեգլարյանն ու Ստեփանյանը դիմել են ՄՔԴ դատախազին

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ  ադրբեջանական հարձակումից և ավելի քան 100,000 հայերի տեղահանումից մեկ տարի անց Գեղամ Ստեփանյանի ու Արտակ Բեգլարյանի կողմից հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ մարդկության դեմ հանցագործությունների համար:

Թուֆենկյան հիմնադրամի և «Արցախի աջակցության միության» համագործակցությամբ՝ միջազգային առաջատար փաստաբաններ Ֆրանսուա Զիմերեյը և Կատալինա դե լա Սոտան ներկայացնում են Արտակ Բեգլարյանին և Գեղամ Ստեփանյանին: Նրանք զբաղեցրել են Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը և եղել են իրենց հայրենիքից տեղահանված ավելի քան 100,000 մարդկանց մեջ:

Հայցի մեջ ընդգծվում է, որ նրանք ստիպված էին տառապել սննդի և առողջապահական օգնության բացակայությունից, որը հարուցվել էր 2022թ. դեկտեմբերին սկսած Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակման հետևանքով: Դրան հաջորդեց Ադրբեջանի զինված ուժերի հանկարծակի ագրեսիան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և բնակչության բռնի տեղահանությունը:

Մի խումբ այլ ղեկավարներ և բնակիչներ, որոնք չկարողացան դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, ձերբակալվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից և պահվում են անազատության մեջ: Նրանք ենթարկվում են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, ինչպես նաև զրկված են ընտանիքների ու փաստաբանների հետ պատշաճ հաղորդակցության հնարավորությունից:

Ֆրանսուա Զիմերեյի և Կատալինա դե լա Սոտայի կարծիքով՝ «Ոչինչ չի կարող արդարացնել խաղաղ բնակչության՝ իրենց հայրենիքից ու տներից բռնի զրկման փաստը: Աշխարհը պետք է մերժի այս վայրագությունը, որը մեր ներկայացրած հայցի նպատակն է»:

Հայցը ներկայացվել է որպես «հաղորդում»՝ համաձայն Հռոմի ստատուտի 15-րդ հոդվածի, որը հնարավորություն է տալիս դատախազին հետաքննություն սկսել ներկայացված տեղեկությունների հիման վրա: Փաստաբանների խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանությունն ունի մարդկության դեմ հանցագործության բոլոր հատկանիշները: Այն եղել է անձանց բռնի տեղահանում նրանց օրինական բնակության վայրից՝ որպես լայնամասշտաբ ոտնձգություն քաղաքացիական բնակչության դեմ՝ ամբողջովին գիտակցելով դրա հետևանքները: Բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանցագործությունների պատասխանատուները արդարադատության ենթարկվեն միջազգային քրեական իրավունքի շրջանակներում»:

Հայցի ամբողջական տեքստը հասանելի է այստեղ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}