Անհնար է պատկերացնել, որ պետություն ունենալով՝ կարող ենք մեր հայրենիքը հանձնել, ուրանալ. Բագրատ Սրբազան
«Մեկ տարին է լրանում, երբ մենք ողջ ժողովրդով ևս մեկ անգամ ստիպված եղանք բռնելու գաղթի ճանապարհը։ Եվ դա մեր պատմության ամոթի և խայտառակության հերթական օրերից մեկն է»,- Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» այցի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը շարունակեց. «Այս ամոթն ու խայտառակությունը որպես խարան առաջին հերթին դրոշմված է Հայաստանի իշխանությունների ճակատին, ովքեր հանցավոր անտարբերությամբ, անգործությամբ մեզ հասցրեցին այս վիճակին, երբ իրենց, մեր բոլորի աչքերի առջև ընդամնեը մի քանի կիլոմետր հեռավորության վրա մեր ժողովուրդը ստիպված եղավ ենթարկվելու հերթական ցեղասպանությանը, բնազրկվեց, տնազրկվեց ու բռնեց գաղթի ճանապարհը։
Այս խարանը միշտ մնալու է դրոշմված այս իշխանությունների ճակատին։
Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 19-ը խարան է ողջ հանրության ճակատին՝ որպես ամոթի ու խայտառակության, ինչպես նաև ցավի և կորստյան օր, որ մինչև այսօր հանդուրժում են այս իշխանությունների գոյությունը։
Այս օրը խարան է նաև միջազգային հանրության ճակատին, հատկապես բոլոր նրանց, ովքեր եղել են արցախցի մեր քույրերի ու եղբայրների անվտանգության երաշխավորը։
Մեծ իմաստով մեր պետության և ազգի ամոթի և խայտառակության օրն է սեպտեմբերի 19-ը։
Սեպտեմբերի 19-ը նաև խոնարհումի օր է։ Եվ անկախ բոլոր դժվարություններից, փորձություններից ու ծանր տառապանքներից՝ ևս մեկ անգամ փաստենք հայոց հաղթանակող ոգու և հոգու մասին։
Մենք այլընտրանք չունենք, քան հաղթանակը։ Այդ վստահությունն ու կամքը մեզ համար պետք է դառնան մղիչ ուժ, պայքարի ճանապարհ՝ մեծ երազանքն իրականացնելու համար։ Հեռու չի լինելու այն օրը, երբ մենք ամբողջ ազգով դարձյալ կտոնախմբենք մեր ազատագրությունը, հաղթանակները՝ վկան մեր Եռաբլուրի, եռաբլուրների, ինչպես նաև լքված մեր հերոսների շիրիմներն ու իրենց երկնային ներկայությունը։
Ուղղակի անհնար է պատկերացնել, որ մենք պետություն ունենալով, կարող ենք մեր հայրենիքն այդպես հանձնել, ուրանալ, այս սխրանքը դարձել մեզ համար ողբերգություն ու չհասկանալ, որ մենք մի ամբողջ տուն ենք կորցրել։
Այս անընդհատ պարտադրվող գաղափարը՝ մեզ հեռացնելու մեր տնից, մեզ վերացնելու մեր տնից, մեզ դարձնելու թափառական խումբ, չի կարող տիրապետող դառնալ մեր կյանքում։ Այս շիրիմներն են դա արգելում»։
Բագրատ Սրբազանն ասաց.
«Հիմա մենք կանգնած են Եռաբլուրի իրականության մեջ, մենք գտնվում ենք հերոսների շրջակայքում, մենք շրջապատված ենք այնպիսի մարդկանց ներկայությամբ, որոնք իրենց կյանքից ավելի ընդհանրական կյանքն են արժևորել ու գնահատել։
Ազնավուրը (Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյան) հավաքական հայի, հերոսի, նվիրյալ մարդու ամբողջական նկարագիրն է՝ այն բոլոր տղաների հետ, ովքեր չհանդուրժեցին ամոթի ու խայտառակության, ազգուրացության այս ամբողջ ողբերգությունը։
Ես կորստի զգացումով չեմ եկել մեր եղբորը, ձեզ այցելելու, սիրելի հարազատներ։ Ես եկել եմ նույնանալու մեր Ազնավուրի և տղաների հետ ևս մեկ անգամ։ Եկել եմ ինքս ինձ պարտադրելու, ստիպելու, որ այս ճանապարհից դուրս գալու իրավունք չունենք, ես անձնապես, քանի դեռ կորստյան մեջ է գտնվում մեր հայրենիքը, գողացված է մեր ուրախությունը, պատիվը։
Պատիվն իրենցն է, այս պահին անպատվությունը՝ մերը։
Լացը պետք է կտրվի մեր կյանքից, մենք մեր հերոսներին չենք ողբալու, իրավունք չունենք։
Ժողովո՛ւրդ, այսօր դուք եկել եք օրհնանք բաշխելու, չեք եկել մեռելների շիրիմներին։
Այստեղ մեռած մարդ չկա, այստեղ հերոսներ են, որոնց առաջ միայն պետք է ծնկի գալ ու ասել, որ մենք էլ պետք է անցնենք նույն ճանապարհն այս կյանքում։
Այսօր հարգանքի, խոնարհումի, իրենց հետ նույնանալու օր է։ Ցավը մեզ պետք է դրդի գործելու ու դառնա մեր տուն վերադառնալու ուխտը»։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 19-ը պետք է դառնա մեր կյանքը վերաիմաստավորելու, մեր ինքնությունը վերագտնելու, համախմբվելու օր. Արցախի թեմի առաջնորդ
- Սnւտ են ասում այն գործիչները, թե հնարավոր էր մնալ Արցախում և ապրել. Մետաքսե Հակոբյան
- Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները երբևէ, գոնե քանի դեռ իրենք իշխանության են, չվերադառնան. Մետաքսե Հակոբյան
- ԱԳՆ. Արցախի տեղահանությունն էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, որ տեղի ունեցավ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի ընթացքում
- Արցախը չի բռնազավթվել, այլ Հայաստանի օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն. Դավիթ Գալստյան
- Գագիկ Բաղունց. Ես այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «Шведски синдром»-ին
- Սամվել Շահրամանյան. Մեծ ցավով եմ լսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին