Ախալքալաքում այս տարի կարտոֆիլի բերքն աննախադեպ շատ է
Ախալքալաքում կարտոֆիլի բերքատվությունն այս տարի աննախադեպ բարձր է։ Jnews-ի հաղորդմամբ, նման կանխատեսում են արել գյուղատնտեսները։
2023 թվականին ֆերմերների առաջ ծառացան բազում խնդիրներ, բերքի հիվանդությունից մինչև իրացման դժվարություններ, որոշ գյուղերում մարդիկ ստիպված էին եղել տոննաներով կարտոֆիլ թափել՝ չկարողանալով նույնիսկ ինքնարժեքով իրացնել այդքան դժվարությամբ հավաքված բերքը։ Բայց այս տարի պատկերն այլ է, և եղանակային պայմանները, և ֆերմերների գրագետ մոտեցումը նպաստել են բերքի առատությանը։
Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի մունիցիպալիտետի Զրես գյուղից ֆերմեր Եղիշե Աղաջանյանն ասել է, որ այս տարի բերքը բացի քանակապես շատ լինելուց, լավ է նաև որակապես, և այս պահին միակ խնդիրը կապված է բերքի իրացման հետ:
«Խնդիրը միայն վաճառքն է և գնի անկումը։ Այս պահին վաճառում ենք 45-50 թեթրիով, իսկ աշխատողներին վճարում ենք 70-80 լարի, բերքը լավ է մտահոգություն կա միայն իրացման հետ կապված», – ասում է նա:
Օրջա գյուղից Վելիխան Հարությունյանը ևս հաստատել է, որ այս տարի կարտոֆիլի բերքատվությունը բարձր է։
«Եթե այլ երկրներից չներկրեն, ապա մեր ապրանքը կկարողանանք շահութաբեր գնով վաճառել, գյուղում դեռ գնորդներ շատ չեն գալիս, տեղում մարդիկ կարտիֆիլը վաճառում են 50-55 թեթրիով», – ասում է նա: