Իտալիայում ջրհեղեղների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Ապենիններում մոլեգնում է «Բորիս» ցիկլոնը։ Եվրանյուզը գրում է, որ «Բորիս» փոթորիկը շարունակում է իր ճանապարհը եվրոպական մայրցամաքով: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ջրհեղեղների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել։ Նյութական վնասը կազմում է միլիարդավոր եվրո։ Ցիկլոնն այժմ շարժվում է դեպի հարավ։
Իտալիա
Իտալիայում հորդառատ անձրևներ են։ Բոլոնիայում, Ռավեննայում և Ֆորլիում գետերը դուրս են եկել ափերից։ Մոտ հազար մարդ տարհանվել է վտանգավոր շրջաններից։ Իշխանությունները կոչ են արել մարդկանց խուսափել ճանապարհորդություններից և հնարավորության դեպքում աշխատել տնից:
Չեխիա
Չեխիայում նոր տարածքներ են հայտնվել ջրհեղեղի վտանգի տակ։ Երկրի հարավ-արևմուտքում Լուժնիցե գետի մակարդակը չափազանց բարձրացել է։ Սակայն առայժմ, ըստ պաշտոնյաների, տարհանման կարիք չկա։ Կառավարությունը զինվորականներ է ուղարկել Չեխիայի հյուսիս-արևելքում գտնվող բնակչությանը օգնություն ցույց տալու համար։ Փրկարարական խմբերի հետ զինվորները սկսել են վերականգնողական աշխատանքները։ Բանակային ուղղաթիռները մարդասիրական օգնություն են հասցնում տարածք։ Օստրավա քաղաքում, որը մեծապես տուժել է ջրհեղեղներից, շուրջ չորս հարյուր մարդ դեռ չի վերադարձել իրենց տները։
Լեհաստան
Լեհաստանը նույնպես սկսել է վերացնել աղետի հետևանքները։ Ամենադժվար իրավիճակը, ըստ վարչապետ Դոնալդ Տուսկի, ստեղծվել է Կլոձկո քաղաքում։ Այն գտնվում է Չեխիայի հետ սահմանի մոտ։ Լեհաստանի հարավ-արևմուտքում տուժած շրջաններում արդեն 16 հազար զինծառայող կա։ Մինչև շաբաթվա վերջ նրանց թիվը կհասնի 20 հազարի։
Ավստրիա
Ստորին Ավստրիայի դաշնային նահանգում ջրհեղեղից հետո անհավանական քանակությամբ աղբ է կուտակվել։ Մինչ այն փողոցներում կուտակված է, տարածքում թափոնների այրման մեծ գործարանը լցվել է ջրով։
ԵՄ կենտրոնակայանում ասել են, որ Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղները և Պորտուգալիայում մահացու անտառային հրդեհները վկայում են «կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ձախողման» մասին: Դա նորմ կդառնա, եթե արմատական միջոցներ չձեռնարկվեն։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվն ավելացել է
- Ջրհեղեղներ Կենտրոնական Եվրոպայում, առաջին զոհերը Ռումինիայում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան