Ջերմուկի բնակիչները նշեցին, որ համայնքի զարգացումը պատկերացնում են կանաչ տնտեսության և զբոսաշրժության միջոցով. Օլեգ Դուլգարյան
«Ֆորումի նպատակն էր ոլորտներում գործունեություն ծավալած անհատների հետ քննարկումների արդյունքում վեր հանել Ջերմուկի խնդիրները, առաջարկներ լսել նրանցից։ Նման ֆորմատով այն առաջին միջոցառումն էր, երբ միանգամից բնակչից են տեղեկանում խնդիրների մասին»,-«Մեդիա Կենտրոնի» մամուլի սրահում հայտնեց Ջերմուկի այլընտրանքային զարգացման աշխատանքային խմբի համակարգող Շիրակ Բունիաթյանը։
Նա տեղեկացրեց, որ օրերս է տեղի ունեցել Ջերմուկի այլընտրանքյին զարգացման ֆորումը, որին մասնակցել են մարդիկ, որոնք տեղի առողջարանային, զբոսաշրջային, սպասարկման ոլորտն են ներկայացնում։
Բունիաթյանը հայտնեց, որ ֆորումի ավարտին ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկումների արդյունքները վերածել է հետագա աշխատանքի համար նախատեսված օրակարգային նյութի։
Նրա խոսքով՝ ֆորումի ժամանակ հնչել են 15 կետից բաղկացած առաջարկներ՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտեների զարգացման վերաբերյալ։
«Շատ էր շոշափվում Ջերմուկում օդանավակայանի վերագործարկման հարցը, դրա կարիքը շատ է զգացվում, քանի որ հաճախ զբոսաշրջիկներն ասում են, որ Ջերմուկ հասնելու համար ճանապարհը շատ հեռու է»,-հայտնեց Բունիաթյանը։
Նա հայտնեց, որ Ջերմուկի բնակիչները բարձրացրել են նաև մրգի սառնարաններ ունենալու խնդիրը, քանի որ ծիրանի բերքը չեն հասնում իրացնել։ Ֆորումի մասնակիցները նաև բարձրացրել են տեղի բնակիչների մշակութային կյանքի բարելավման հարցը, քանի որ այնտեղ նույնիսկ կինոթատրոն չկա։
Իրավապաշտպան, համայնքային զարգացման փորձագետ Օլեգ Դուլգարյանն ասաց, որ քննարկվել է տեղում արտադրված գյուղմթերքը հենց Ջերմուկի հյուրատներում սպառելու հարցը, այդ պատճառով էլ որակի բարձրացման և էկոլոգիապես մաքուր արտադրանք ունենալու նպատակով դոնորներ գտնելու մեխանիզմների զարգացումն է առաջնային, ինչը համայնքի կայուն զարգացման բաղադրիչ է։
Դուլգարյանը հայտնեց, որ մարդկանց մոտ մտահոգություն կա, թե ներդրումների համար արդյոք ռիսկեր չկան, որ եթե կանաչ գյուղատնտեսություն հիմնեն, արդյոք շրջակա միջավայրի մաքրության խնդիրը դրան չի խանգարի։
«Ջերմուկ Համայնքը, երևի Հայաստանի էկոլոգիապես ամենամաքուր համայնքն է, և նրա բնակիչները ևս մեկ անգամ նշեցին, որ իրենց համայնքի զարգացումը տեսնում են կայուն, կանաչ տնտեսության և զբոսաշրժության միջոցով։ Այն, ըստ էության հռչակագիր էր»,- հայտարարեց իրավապաշտպանը։
Քաղհասարակության զարգացման և ռազմավարական հաղորդակցության փորձագետ Հայկ Աբրահամյանն էլ ասաց, որ համայնքների իրական զարգացում կարող է լինել այն ժամանակ, երբ դրա վերաբերյալ քննարկումներին, քաղաքական որոշումների ընդունմանը մասնակցում են մարդիկ, ովքեր պետք է քաղեն այդ զարգացման արդյունքները։
«Երբ մենք խոսում են այս ֆորումի մասին, ապա մենք տեսնում ենք, որ Ջերմուկի բնակիչների մոտ կարող է լինել լրիվ այլ մոտեցում համայնքի զարգացման վերաբերյալ, քան այն մարդկանց մոտ, ովքեր քաղաքական որոշում են ընդունում զարգացման վերաբերյալ»,- ասաց Աբրահամյանը և նշեց, որ այդ ֆոնին բնակիչների մոտ կան մտահոգություններ շրջակա միջավայրի պահպանության և անվտանգության վերաբերյալ, բայց նաև շատ հնարավորություններ կան Ջերմուկում, որի համար ներդրումային դաշտ պետք է ապահովվի։
Հարակից հրապարակումներ`
- Իտալացիներին զարմացրել է Ջերմուկի հյուրանոցների, առողջարանների կողմից առաջարկվող ծառայությունների քանակը
- Միջադեպ` «Սթեյք Հաուզ» ռեստորանում․ Ջերմուկի գնդի հրամանատարը շուռ է տվել սեղանը և ծեծկռտուք սարքել
- Տիգրան Աբրահամյան. Ինչո՞ւ սահմանների ճշգրտումը չի սկսում Սոթքից, Վերին Շորժայից, Ջերմուկից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան