«Արմենիա» փառատոնը կներկայացնի Կամիլ Սեն-Սանսի, Ալեքսեյ Շորի թավջութակի կոնցերտները և Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 23-ին` ժամը 19.30-ին հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու «Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի երկրորդ համերգին:
Պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ ծրագրում կհնչեն թավջութակի համար գրված երկու ստեղծագործություններ՝ Ալեքսեյ Շորի Թավջութակի թիվ 1, Կամիլ Սեն-Սանսի Թավջութակի կոնցերտները, որոնք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի գերմանացի հայտնի թավջութակահար Մաքսիմիլիան Հորնունգը։
Ուշագրավ է, որ «Արմենիա» միջազգային փառատոնի համերգային ծրագրերում իրենց ուրույն տեղն ունեն նաև հայ կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչները. համերգային յուրաքանչյուր օր ունկնդիրը կարող է վայելել հայկական դասական երաժշտության ստեղծագործություններ։ Սեպտեմբերի 23-ի համերգին երաժշտասերները կունկնդրեն նաև Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը։ Այն հազվադեպ է հնչում և հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն նմուշներից է։ Էդվարդ Միրզոյանը «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը գրել է երիտասարդ տարիքում։ 1941 թվականին կոմպոզիտորն այն ներկայացրել է որպես կոնսերվատորիայի ավարտական դիպլոմային աշխատություն։ «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմում հեղինակը հնչյունների միջոցով պատկերել է հայկական գյուղական կյանքն իր կոլորիտով ու գունեղ երանգներով, կերտել Սաքոյի կերպարն ու բացահայտել նրա ապրումները։
Համերգային երեկոն կղեկավարի Գերմանիան և Եգիպտոսը ներկայացնող հայտնի դիրիժոր Նաբիլ Շեհատան։
«Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա