Հայաստանում ցուցադրվում է Բրիտանական թանգարանից բերված Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխը և ձեռքը
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրությունը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում է հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։
Ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ներկայացվում է նաև ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ամփոփելով Մայր աստվածության գաղափարը նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։
«Մայր աստվածուհու պաշտամունքը Հայկական լեռնաշխարհում սկիզբ է առել դեռ քարի դարից և անցել փոփոխությունների տևական ընթացք՝ կախված տարբեր աշխարհայացքային և գեղագիտական առանձնահատկություններից։ Ի սկզբանե մարմնավորելով «ծնող և վերարտադրող» կնոջ բնույթը՝ նա ներկայացվում էր որպես տոհմի շարունակականության խորհրդանիշ։ Հետագայում ձևավորվում են «Մայր աստվածուհու» մի շարք այլ գործառույթներ` երկրագործության խորհրդանիշը, ընտանիքի բարեկեցությունն ապահովողը, բժշկողը և այլն։ Առանձնակի շեշտվում է նրա «արարող» էությունը, ինչը բխում է առասպելաբանության մեջ կնոջ և «Մայր հողի» նույնացման գաղափարից։
Հելլենիստական շրջանում մայրության խորհրդանիշը Անահիտ աստվածուհին էր։ Նա պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, իսկ վաղ շրջանում նաև ռազմի աստվածուհին էր և համարվում էր հայկական դիցարանի գլխավոր աստվածություններից մեկը։ Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։
Հայաստանում Անահիտի պաշտամունքը սկսել է տարածվել առնվազն Ք.ա. 4-րդ դարում՝ հետևելով դրա տարածմանը Փոքր Ասիայում և Սիրիայում։ Անահիտ աստվածուհու սրբավայրեր հիշատակվում են նաև Իրանում։ Հելլենիստական և հատկապես հռոմեական դարաշրջանում ստեղծվեցին առավել բարենպաստ պայմաններ մշակութային ընդհանրությունների և աստվածների սինկրետիզացիայի համար։ Անահիտը համեմատվում էր Արտեմիսի, Նանեի, Աֆրոդիտեի, Աթենասի, Մայի, Կիբելեի, Տյուխեի, Նիկեի և այլոց հետ։ Այս երևույթն ավելի հստակ է դրսևորվում սկսած Ք.ա. 1-ին դարից, երբ Փոքր Ասիայից և այլ երկրներից Հայաստան բերվեցին և տաճարներում տեղադրվեցին հունական աստվածությունների արձանները»,- նշում են Հայաստանի պատմության թանգարանից։
Ցուցադրությունը կգործի մինչև 2025 թ. մարտ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա