«Ժողովուրդ». ԱԺ-ն հուշանվերներ գնելու համար ծախսել է 5 մլն 470 հազար դրամ, իսկ էկոնոմիկայի նախարարն արգելում է պետական միջոցներով նվերներ գնել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այն, որ էկոնոմիկայի նախարարն արգելում է պետական միջոցներով գործընկերներին նվերներ գնել, ընդունելի և գովելի է, սակայն Ազգային ժողովի համար նման օրենքը «չգրված օրենք» է. գնումներ են կատարում և պահեստավորում։
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Ազգային ժողովի գնումները, նկատեց՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության կազմակերպման համար հուշանվերների ձեռքբերման նպատակով ԱԺ-ն ծախսել է 5 մլն 470 հազար դրամ։ Գնման պայմանագրի համաձայն՝ գրեթե 5,5 մլն դրամ արժողությամբ ձեռք է բերվել կերամիկական ափսե, նվեր ափսե, հուշանվեր սալիկներ։
Կերամիկական ափսեներն արժեցել են 2 մլն 400 հազար դրամ, որի միավորի գինը 24 հազար դրամ է, և ձեռք է բերվել 100 հատ։
Նվեր փաթեթի մեկ հատն արժեցել է 17 հազար 700 դրամ, որը ներառել է մեղրամոմով մեղր, խոտաբույսերով թեյ և իմունոթեյ։ 100 նման սալիկի համար Ազգային ժողովը վճարել է 1 մլն 770 հազար դրամ։
Հուշանվերներ սալիկների մեկ հատն արժեցել է 13 հազար դրամ, գնվել է 100 հատ։ Սալիկները եղել են 4 տեսակի զարդանախշերով՝ Արծվագորգ 2 տեսակ, Թագի գորգ 2 տեսակ։
«Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովի Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանից փորձեց պարզել, թե գնումը որ պաշտոնական պատվիրակության համար է արվել, արդյոք այն եղել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի մասնակիցների համար, թե ոչ. և ստացանք հետևյալ պատասխանը. «IPU-ի համար չի եղել գնումը: Կազմակերպչական նպատակահարմարությունից ելնելով, սովորաբար, նախապես գնում ենք տարբեր նվերներ, պահեստավորում ենք՝ հետագայում ԱԺ այցելող տարբեր պատվիրակություններին նվիրելու համար»:
Մինչև տարեվերջ ուշադիր կլինենք՝ հասկանալու համար՝ ինչ պատվիրակությունների է նվիրելու 300 տարբեր տեսակի հուշանվերները Ազգային ժողովի ղեկավարությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։