Ալիևը «ոչ ադեկվատ» է գնահատել Հայաստանի քայլը
«Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով 7-րդ գումարման Միլլի Մեջլիսի առաջին նիստում։
Ըստ թշնամի երկրի ղեկավարի, «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հենց Ադրբեջանի նախաձեռնությամբ են սկսվել խաղաղ բանակցությունները»։
Ալիևն ընդգծել է, որ Հայաստանն «արհեստականորեն ձգձգում է» Բաքվի հետ հարաբերությունների կարգավորումը.«Մինչև օրս Ադրբեջանն ու Հայաստանը տասն անգամ փոխանակվել են խաղաղության պայմանագրի նախագծի մեկնաբանություններով: Երբ մի քանի ամիս անցավ, մենք, բնականաբար սպասում էինք, որ Հայաստանն ավելի արագ և օպերատիվ կներկայացնի մեզ իր մեկնաբանությունները։ Բայց մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Մենք ստիպված էինք սպասել 70 օր, մինչև նրանցից ստացանք վերջին տարբերակը։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները հանվել էին խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Այսինքն, նման պարզունակ ու ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր»։