Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է «մարտի 1»-ի գործի քննությունը
Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է «մարտի 1»-ի գործի քննությունը: Դատարան են ներկայացել Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը։
Այս գործում ներգրավված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով նիստին չէր ներկայացել։
Yerevan.Today-ը կապ է հաստատել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ՝ իմանալու՝ ինչու նախագահ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին։
«Այսօր տեղի ունեցող դատական նիստի վերաբերյալ նախագահ Քոչարյանը ծանուցում չի ստացել։ Ներկայում նախագահը մասնավոր այցով գտնվում է արտերկրում, ուր մեկնել է սեպտեմբերի 18-ին ՝ մինչև նիստի նշանակումը: Մոտ օրերս նախագահը վերադառնալու է և պատշաճ ծանուցման դեպքում կներկայանա դատարան»,- »,- ասել է Բագրատ Միկոյանը:
Դատավորը Սարգիս Պետրոսյանն է։
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը կարճվել էր հակասահմանադրական լինելու հիմքով, սակայն վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 12-ին բեկանել է գործը և նոր քննություն նշանակել, այլ հոդվածներով։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել էին. «Վճռաբեկ դատարանի հակակոռոուպցիոն պալատը սեպտեմբերի 12-ին հրապարակել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով (ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և մյուսների) կայացված որոշումը, որով բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը և գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
Ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առկա պայմաններում Առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն իրավաչափ չէ, և որ Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելուց հետո, մինչև դատարանի կողմից խորհրդակցական սենյակ հեռանալը, մեղադրողն իրավասու է եղել փոփոխելու նշված անձանց մեղսագրված արարքի իրավաբանական գնահատականը:
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով, որ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին վերագրվող արարքներում առկա են Քրեական օրենսգրքի այլ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ վերոնշյալ քրեական գործով մեղադրողն առաջիկայում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի համապատասխան որոշում»։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր դատախազությունը՝ Երևանում Լապշինի ձերբակալության մասին
- Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի գործով մանրամասներ է հայտնել
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան