Ինչո՞ւ Ալեն Սիմոնյանի պատվիրակությունը չի մեկնի Կանադա
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի՝ սեպտեմբերի 20-ի կարգադրությամբ ուժը կորցրած է ճանաչվել սեպտեմբերի 5-ի «Օտտավա գործուղելու մասին» Կ-231-Ա կարգադրությունը։
Yerevan.Today-ի աղբյուրները նշել են, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հրաժարվել են ընդունել Կանադայի հայ համայնքի տարբեր շրջանակներ։
Սիմոնյանի խոսնակ Մովսես Հարությունյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ այցը ոչ թե չեղարկվել է, այլ անորոշ ժամկետով հետաձգվել է։ Պատճառը Կանադայում ստեղծված քաղաքական ճգնաժամն է։
«Կանադայում այս պահին ներքաղաքական իրավիճակը լարված է։ Երկրում համարյա ներքաղաքական ճգնաժամ է ստեղծված, կոալիցիոն ուժերից մեկը դուրս է եկել կոալիցիայի կազմից։ Դրանով պայմանավորված Կանադայի խորհրդարանի համայնքների պալատի նախագահը հեռախոսազրույց է ունեցել իր նախաձեռնությամբ պարոն Սիմոնյանի հետ ու խնդրել է այցի ժամկետները հետաձգել, մինչև երկրում ներքաղաքական իրավիճակը կհանգուցալուծվի, ինչին ի պատասխան պարոն Սիմոնյանը տվել է իր համաձայնությունը»,-ասաց նա։