Հայաստանի օպերայի պատմության մեջ նոր էջ է բացվում՝ աշխարհի ամենահեղինակավոր կառույցի հետ համագործակցությամբ
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ասաց, որ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ համագործակցում են աշխարհահռչակ Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի հետ։
Նրա ներկայացմամբ, այս բացառիկ ու աննախադեպ մասշտաբի ծրագիրը միտված է օպերայի և բալետի թատրոնի աշխատակիցների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը ֆոտո և վիդեոնկարահանման, բեմական ռեժիսուրայի, նոր մեդիայի, բեմական մենեջմենթի ու բեմական լուսավորման ոլորտներում։
«Կրթական ծրագիր է ոչ միայն երգիչների, դիրիժորների, ջութակահարների և մյուս երաժիշտների համար, նաև այլ մասնագիտությունների գծով՝ բեմի մեքենավար, դիմահարդարում, կեղծամի և դեկտորի պատրաստում, բեմական նկարչություն, հագուստի պատրաստում, հագուստն ինչպես պետք է պահել, հմտություններ ձեռք բերելու համար։
Մեզ մոտ բացթողումներ կան, դրանք շտկելու համար ամենակարևոր կապը Լա Սկալա ակադեմիան է»,- ասաց Կ. Դուրգարյանը՝ համոզմունք հայտնելով, որ 5-6 տարի հետ թատրոնը կունենա երիտասարդ պատրաստված, սովորած մասնագետներ, որոնք կշարունակեն թատրոնի աշխատանքը։
ԿԳՄՍ նախարարի տեղայակ Դանիել Դանիելյանն ասաց, որ այս նախաձեռնությունը շատ են կարևորում։
«Մեր ռազմավարության մեջ միշտ կարևորվել է, որ մեր ենթակառույցները, կատարողական մշակույթը հանրահռչակման, ուսուցման միջոցով բարձրացնենք, մեր օպերան համահունչ դարձնենք արևմտյան երկրների լավագույն օպերաներին։ Մշակույթը սահմաններ չի ճանաչում, լիովին մաս ենք կազմում աշխարհի մշակույթների մեծ ընտանիքի։ Հատկապես օպերայի ասպարեզում չպետք է սահմանափակվենք տարածաշրջանով, մեր սահմաններով, պետք է ամբողջ աշխարհի հետ համահունչ քայլենք։
Օպերայի ասպարեզում ունենք շատ ռեսուրսներ, ունենք ազգային օպերա հասկացողությունը , որը համահունչ է եվրոպական օպերային, այն մշակույթին, ինչ որ Իտալիայում, եվրոպական տարբեր երկրներում անում են։
Այսինքն, մենք նոր չպետք է մտնենք օպերայի ասպարեզ, այնտեղ ենք, իսկ այս համագործակցությամբ որակը կբարձրացնենք՝ լինելու լավագույն օպերաների տների անբաժանելի մասը։ Իսկ դա կարող է լինել որակը բարձրացնելու ու երիտասարդներին ներգրավելու միջոցով։
Սկսում ենք մի նոր պատմություն, էջ օպերայի ու մեր երկրի կատարողական արվեստի համար, ու ամենակարևորը՝ այդ պատմությունը սկսում ենք ամենաճանաչված, ամենալավ, ամենահեղինակավոր կառույցի՝ Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի հետ համագործակցելով»,- ասաց Դ.Դանիելյանը։
Լա Սկալա թատրոնի Կատարողական արվեստների և արհեստների ակադեմիայի գործադիր տնօրեն Լուիզա Վինչին ասաց, որ այս հուշագիրը բացկացած է շատ կարևոր կետերից։
«Փորձի փոխանակումը նախատեսված է հիմնականում երիտասարդ կատարողների, թատրոնի այլ մասնագետների համար։ Լավ որակ հնարավոր է ապահովել փորձի հիման վրա։ Մենք շատ կարևորում ենք թատրոնի աշխատակիցների կրթությունը»,- նշեց Լուիզա Վինչին։
Մենեջեր Էտտորե Վոլոնտիերին ասաց, որ այս ստորագրմամբ հասան իրենց նպատակին. «Մենք ստեղծում ենք հնարավորություն ոչ միայն երգիչների, նաև թատրոնի մյուս մասնագետների զարգացման համար։ Դրանք բոլորը հիմնարար կարևորություն, նշանակություն ունեցող մասնագիտություններ են։ Առանց այդ հիմնարար մասնագիտությունների՝ միջազգային կարգի թատրոնն այսօր ուղղակի չի կարող գոյություն ունենալ»։
Կ.Դուրգարանն ասաց, որ կրթական ծրագիրը վճարովի է, օպերայի թատրոնն իր արտաբյուջեից, նաև հովանավորների աջակցությամբ, հատկացնելու է միջոցներ։ Սկզբում ծրագրին կմասնակցեն 1,2,3 հոգի այնուհետև, ըստ բյուջեի, կփորձեն ավելացնել երիտասարդների քանակը։
Հարցին՝ ովքե՞ր են լինելու առաջին մասնակիցները՝ երգիչնե՞րը, նա ասաց. «Ոչ։ Մեզ մոտ կատարողական արվեստը վատ չէ։ Ինչպես նշեցի, կան մասնագիտություններ, որոնց հարցում մենք զիջում ենք»։