Դատավոր. Նարեկ Սամսոնյանը հանրային մեղադրողին երբեք անունով չի դիմել
Ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) հիմնական դատալսումները։
Այս պահին խոսքով հանդես է գալիս հանրային մեղադրողը։
«Հարգելի մեղադրողներ, քանի որ նախորդ դատական նիստին դատարանը խոստացել էր՝ կապված այն խնդրի հետ, ըստ որի Նարեկ Սամսոնյանն իրեն անունով է դիմել, դատարանն ամբողջ դատական նիստը լսել է, պարզվեց, որ Նարեկ Սամսոնյանը հանրային մեղադրողին երբեք անունով չի դիմել, եթե դիմել է միայն անուն-ազգանունով»,-մինչ դատախազի ելույթը ասաց նիստը նախագհող դատավոր Արման Հովհաննիսյանը։
Դատախազը, Նարեկ Սամսոնյանի մեղադրանքի մասին խոսելով, հայտարարեց՝ կոպիտ կերպով ու դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, որը դրսևորվել է անձանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելով։
Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանը «Իմնեմնիմի» պոդքասթի տարբեր թողարկումների ընթացքում հայհոյանքներ է հնչեցրել կառավարության անդամների, իշխանության ներկայացուցիչների հասցեին։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանտ դատարանի որոշմամբ ազատ են արձակվել այս տարվա մայիսի 21-ին։
Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել էր, նրանց նկատմամբ ընտրվել էր վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։
Հանրային մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում նախ միջնորդել է փոխել նրանց նկատմամբ խափանման միջոցը՝ ընտրելով կալանավորումը, սակայն դատարանը չէր բավարարել միջնորդությունը։
Դրանից հետո դատախազը բողոքարկել էր որոշումը Վերաքննիչ դատարանում, վերջինն անփոփոխ էր թողել առաջին ատյանի որոշումը։