Այնքան հպարտ եմ, որ եղել եմ հայ ազգի համար պատմություն կերտած այս թիմի մի մասը. Լևոն Արոնյան
«Ես ուզում եմ կիսվել ինձ համար կարևոր իրադարձությամբ. ՖԻԴԵ-ն Հայաստանի հավաքականը հռչակեց դարի թիմ։
Ես այնքան հպարտ եմ, պատիվ է, որ եղել եմ մեր ազգի համար պատմություն կերտած այս թիմի մի մասը»,- ֆեյսբուքում գրել է ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։
Անդրադառնալով Համաշխարհային 45-րդ օլիմպիադային, Արոնյանը նշել է. «Շատ լարված օլիմպիադա էր: Շնորհավորում եմ Հնդկաստանին՝ իրենց պատմական նվաճումների համար:
Ինչ վերաբերում է մեզ, ես ուրախ եմ, որ արծաթ եմ ստանում թե՛ անհատական պայքարում, թե՛ ԱՄՆ-ի թիմում»։
Հիշեցնենք, որ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: Պարգևատրումներն իրականացվել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի շրջանակում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում: