Սամսոնյան. Այս ամենը մեզ համար հորինվել է, այն կրում է պատժիչ բնույթ
««Իմնեմնիմի» գործը հանրային ընկալման մեջ տպավորվել է մի գործ, որտեղ մենք հայհոյել ենք վարչապետին ու իշխանության այլ ներկայացուցիչներին ու հայտնվել ենք անազատության մեջ»,-դատական նիստի ընթացքում իր խոսքում ասաց «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ մեղադրանքի համաձայն, այդ հայհոյանքների հետևանքով բազմաթիվ մարդկանց անդորրը խաթարվում է, տուժում են։
«Ես կարդացել եմ ողջ գործը։ Մի բան չհասկացա, երբ հանրային մեղադրողը ցիտում էր իմ բառերը, որոշ բառեր ինքն ասեց ամբողջությամբ, որոշները՝ ոչ ամբողջությամբ։ Հիմա օրինակ ես ուզում եմ հասկանալ, եթե նա համարում է պիդառաստ բառն արտասանելը հանցագործություն է, այստեղ դա ասելով, չի՞ խաթարում մարդկանց անդորրը»,-ասաց Սաղաթելյանը։
Դատավոր Արման Հովհաննիսյանն ընդհատեց, ասաց՝ համեմատությունը տեղին չէ։
«Մեղադրող կողմն ինքն է որոշում, ինչ ծավալով պետք է ներկայացնի»,-ասաց դատավորը։
Շարունակելով իր խոսքը՝ Սաղաթելյանն ասաց, իր գրառումների ներքո բազմաթիվ մարդիկ հայհոյանքներ ու վիրավորանքներ են հնչեցնում իր հասցեին։
«Եթե շատ եք նեղվում, մի մտեք»,-արձագանքեց դատավորը։
Նիստի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ նաև «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ իրենց նկատմամբ հարուցված քրեական վարույթը պատժիչ նշանակություն ունի։ Նա օրինակ բերեց այլ դեպք, երբ ավելի մեծ լսարան ունեցող հանրային գործիչներ հնչեցնում են սեռական բնույթի հայհոյանքներ, սակայն նրանց նկատմամբ խուլիգանության հատկանիշներով որևէ վարույթ չկա հարուցված։
«Այս ամենը մեզ համար հորինվել է, այն կրում է պատժիչ բնույթ։ Բացի այդ ինձ վերագրվում են հայհոյանքներ, որոնք ես չեմ տվել։ Ես ընթերցել եմ այդ հայհոյանքները, բայց ես չեմ ասել, չեմ սիրում դրանք կիրառել։ Այս ամենն իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման հերթական արարն է՝ ավելի բարձր դոզավորմամբ, արվում է բացառապես մեկ բանի համար, որպեսզի իմ ազատ խոսքը հնարավորինս սահմանափակվի, և ինձ նման շատ մարդիկ, ովքեր պատրաստ են քննադատել այս իշխանությանը, վախենան քննադատելուց, որ չհայտնվեն նման իրավիճակում»,-ասաց Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ կարող են պատկերացնել, թե կուզենային ունենալ այնպիսի դայակ, ինչպիսին ներկայիս իշխանությունն է. Ռուբեն Մելիքյան
- «Իմնեմնիմի» գործով նիստին ամերիկյան կազմակերպության ներկայացուցչի ներկայությունն անակնկալ էր. Սամսոնյան
- Դատավոր. Նարեկ Սամսոնյանը հանրային մեղադրողին երբեք անունով չի դիմել
- Մեկնարկում են Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով հիմնական դատալսումները
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին