Կրեմլը պատասխանել է Զելենսկու՝ «հակամարտության ավարտը մոտ է» հայտարարությանը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով հակամարտության «մոտ ավարտի» մասին Կիևից հնչեցրած խոսքերը, ասել է, որ ցանկացած պատերազմ այսպես թե այնպես ավարտվում է խաղաղությամբ, սակայն Ռուսաստանի Դաշնությունն այլընտրանք չունի իր նպատակներին հասնելու համար։
«Դուք գիտեք, որ ցանկացած պատերազմ այսպես թե այնպես ավարտվում է խաղաղությամբ, բայց մեզ համար մեր նպատակներին հասնելը բացարձակապես այլընտրանք չունի»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ Telegram-ի իր ալիքում հայտարարել էր, որ այսպես կոչված Ուկրաինայի հաղթանակի պլանը լիովին պատրաստ է։ Օգոստոսին նա պնդում էր, որ ծրագիրը ներառում է նաև «հզոր փաթեթ, որը ստիպելու է Ռուսաստանին դիվանագիտական ճանապարհով ավարտել պատերազմը»: Պեսկովը, մեկնաբանելով Զելենսկու խոսքերը, նշել է, որ Մոսկվան գիտակցում է Կիևի ռեժիմի էությունը, շարունակում է հատուկ ռազմական օպերացիան և հասնելու է իր բոլոր նպատակներին։