Սա կլինի սրբավայր արցախցիների համար. Եռաբլուրում կայացավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքը
Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունը:
Հուշակոթողը կամփոփի Արցախյան բոլոր նահատակների, Արցախում բոլոր հուղարկավորվածների և սեպտեմբերի 25-ին Պաշտպանության բանակի վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակը:
«Արցախի կանչը» հուշակոթողի ճարտարապետ Միքայել Սարգսյանն ասաց, հուշակոթողի տարածքը 500 քմ է, բուն կոթողը լինելու է 6 մետր բարձրության։ Նրա ներկայացմամբ, կոթողը պարզ, մինիմալիստական ոճով է. «Ի սկզբանե որոշել էիք այդպես, որպեսզի մեր ժողովրդի պարզությունն արտացոլենք նաև ճարտարապետության մեջ»։
«Սա կլինի սրբավայր արցախցիների համար»,- նշեց ճարտարապետը։
«Արցախի կանչը» հուշակոթողը կառուցվելու է արցախցիներից մեկի ֆինանսական աջակցությամբ, ում անունը նրա ցանկությամբ չի հնչեցվում։
Շինարարությունը կհամակարգի Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։ Հուշակոթողի նախագծումն իրականացրել են արցախցի ճարտարապետներ հայր և որդի Վլադիմիր ու Միքայել Սարգսյանները։
«Արցախի կանչը» հուշակոթողը հնարավորինս մոտ է լինելու Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիրին։
Հարակից հրապարակումներ`
- Նրանց սրբություն դարձած գերեզմանները մնացել են օկուպացված Արցախում
- Այստեղ՝ Եռաբլուրում, մենք տանն ենք. Արցախցի Զարինե Բաբայան