«Աֆեյան» հիմնադրամը հայտարարել է Արցախից տեղահանված անձանց 2 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցության տեղաբաշխման ավարտի մասին
Ավելի լավ աշխարհ կառուցելու նպատակով լուծումներ ձևավորելու և դրանք առաջ մղելու առաքելությամբ գործող «Աֆեյան» հիմնադրամն այսօր հայտարարեց Արցախից ավելի քան 100,000 տեղահանված անձանց աջակցելու համար նախկինում հայտարարված 2 միլիոն ԱՄՆ դոլարի տեղաբաշխման ավարտի մասին:
Հիմնադրամից հայտնում են, որ այս ծրագիրը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչությանն աջակցելուն ուղղված Աֆեյանների ընտանիքի նախորդ նախաձեռնությունների շարունակությունն է։
«Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ ենթարկվել է դաժան և աներևակայելի ճնշումների, և
էթնիկ զտման հետևանքով իրենց տներից բռնի վտարվելուց հետո այժմ կանգնած է իր համար նոր միջավայրում կյանքը վերսկսելու իրողության առջև»,- ասում են «Աֆեյան» հիմնադրամի
հոգաբարձուներ Նուբար և Աննա Աֆեյանները. «Արցախի ժողովուրդն ունի հանրային և մասնավոր հատվածների լայնածավալ աջակցության կարիքը, որպեսզի ստանա փրկությունից վերածնունդ, այնուհետև՝ դեպի բարգավաճում ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու օգնությունը»:
Աֆեյանները նշել են. «Մենք ոգեշնչված ենք կազմակերպությունների և անհատների ստվար խմբի
ջանքերով, որոնք անդադրում աշխատում են Արցախի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու
ուղղությամբ: Մենք նաև ուրախ ենք ունենալ մեր համեստ ներդրումն այս իրավիճակից տուժած
մարդկանց օգնության ձեռք մեկնելու և ընդհանուր առմամբ Հայաստանին օգտակար լինելու
գործում»:
Վերջերս «Աֆեյան» հիմնադրամը դրամաշնորհ է հատկացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ԱՄՆ գրասենյակին՝
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի իրականացման համար: Դրանք կկենտրոնանան առավել
խոցելի խմբի՝ երեխաների և դեռահասների հետ աշխատանքների վրա: Ծրագիրը գործելու է 18
ամիս և ուղղված է լինելու հոգեկան առողջության և հոգեսոցիալական ծառայությունների
հասանելիության ապահովմանը, ինչպես նաև սոցիալական ներառման հնարավորությունների
բարելավմանը հատկապես այն տարածքներում, որտեղ նման ծառայությունների
հասանելիությունը սահմանափակ է: Ծրագրի նպատակն է օգնել դեռահասներին և նրանց
խնամակալներին՝ տրամադրելով համակարգային աջակցություն, ինչն անհրաժեշտ է տրավմայի և սթրեսի դեմ պայքարելու, հասարակության մեջ թիրախավորումները նվազեցնելու և հյուրընկալող համայնքներում հոգեկան բարեկեցությունն ու սոցիալական համախմբվածությունը խթանելու համար:
Բացի այդ, մի շարք ոլորտներում, այդ թվում՝ հիմնական կարիքների բավարարման, բժշկական և
հոգեսոցիալական օգնության տրամադրման և ավելի երկարաժամկետ կրթական
հնարավորությունների ստեղծման նպատակով «Աֆեյան» հիմնադրամը ֆինանսավորել ու
աջակցել է ստորև նշված հայկական կազմակերպություններին և ծրագրերին.
• AIWA – EmpowerPath ծրագիր՝ ուղղված Արցախի կանանց հմտությունների զարգացմանը,
աշխատանքի հնարավորությունների տրամադրմանը և ձեռներեցության աջակցությանը:
• AGBU – Ծրագրերը ներառում են Նաիրի ճամբարի ընդլայնում, Արցախի տեղահանված
բնակչության աշխատունակության բարձրացմանն ուղղված հմտությունների զարգացման
ծրագրեր, ձմեռային մարդասիրական և անհապաղ օգնություն և Հայաստանում
տեղահանված արցախցիների ապագայի վերաբերյալ CIVITTA կազմակերպության
ուսումնասիրություն:
• American University of Armenia / US Embassy – Անգլերենի ուսուցման ծրագիր Շիրակի
մարզում հանգրվանած երիտասարդների համար:
• Armenia Artsakh Fund – Տեղահանված արցախցիներին դեղորայքի և մարդասիրական
օգնության տրամադրում:
• Armenian Spiritual Revival Foundation – Արցախի տեղահանված բնակչությանը հոգեկան
առողջության բարելավման խմբային և համայնքային ծառայությունների մատուցում և
տեղացի մասնագետների համար հոգեբանական-սոցիալական վերապատրաստման
ծրագրերի կազմակերպում:
• AYB School – 10 արցախցի աշակերտի համար կրթաթոշակների տրամադրում:
• Children for Armenia Foundation (COAF) – Աջակցություն «Հույս Արցախի համար»
նախագծին, որի առանցքում վաղ մանկական զարգացումն է, դպրոցական ինտեգրումը և
COAF-ի SMART կենտրոնի հասանելիության ապահովումը, ինչը ներառում է արտթերապիայի դասընթացներ և փախստականների կարիքներին հարմարեցված այլ
հնարավորություններ:
• Teach for Armenia – «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիր՝ ուղղված նոր
միջավայրում արցախցի ուսանողների ինտեգրմանը: Այն ներառում է մանկավարժների
վերապատրաստում, արտադպրոցական միջոցառումներ, հոգեկան առողջության և
հոգեսոցիալական աջակցություն, ինչպես նաև՝ ուսանողներին ակադեմիական օգնության
տրամադրում:
• UWC Dilijan – Արցախից երկու ուսանողի համար երկու տարվա կրթաթոշակի
տրամադրում, ինչպես նաև 10 ուսանողի ամառային ճամբարի ֆինանսավորում:
«Աֆեյան նախաձեռնությունները Հայաստանի համար» (AIFA) զարգացման հիմնադրամը, որի
առաքելությունն է ավելի կենսունակ, տոկուն և բարգավաճ Հայաստանի կառուցումը, վերահսկելու
է նշված դրամաշնորհներով իրականացվող աշխատանքները։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան