«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենի կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել
«Մաքուր Երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանի փաստաբանական թիմը բողոքարկելու է նրա կալանավորման որոշումը։ Para TV-ի փոխանցմամբ, սեպտեմբերի 24-ին մուտք է արվելու հատուկ վերանայման բողոք՝ դատավոր Սարգիս Դադոյանի որոշման դեմ՝ մանրամասն մատնանշելով այն հիմքերը, ըստ որոնց դատարանը չէր կարող կալանքը որպես խափանման միջոց ընտրել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Կարեն Հակոբյանն ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե:
Չնայած այդ ամենին՝ վերջինս ձերբակալվել և անմիջապես միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը քննության առնելով միջնորդությունը մի քրեական հետապնդման որոշման վերաբերյալ, որը հարուցվել էր դեռևս 2024 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ ակտիվ քննչական գործողությունները սկիզբ էին առել 2019 թվականին, որոշել էր կալանավորել գործարարին՝ երկու ամիս ժամկետով:
«Կալանքի միջնորդությունը ներկայացվել էր առանց որևէ տվյալի, որ գործարար Կարեն Հակոբյանը կարող է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել:
Ըստ փաստաբանների՝ դատական ակտի նման ակնհայտ թերությունների, իրավունքների խախտման փաստական տվյալների, գրավի վերաբերյալ միջնորդության տվյալի և ի վերջո՝ նախկինում երբևէ չարատավորված, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած գործարարի կալանքը չի կարող անհրաժեշտ, հիմնավոր ու համաչափ լինել և այն ենթակա է բեկանման:
Փաստաբանները գտնում են, որ հիմնավոր կասկածի շեմը ևս փաստացի հաղթահարված չէր»,-գրում է աղբյուրը։