Բացահայտվել է առանց ակցիզային դրոշմապիտակների ծխախոտի իրացման և արտահանման փորձի դեպք
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՍՊ ընկերության կողմից չվճարված հարկերից վերականգնվել է 135.815.763 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հարկերից չարամտորեն խուսափելու մեխանիզմը, ինչպես նաև այն իրագործած անձանց ինքնությունը:
Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Ջ.» ՍՊ ընկերության կողմից անցյալ տարվա փետրվար ամսին տարանցման հայտարարագրով հայտարարագրվել է Հայաստանի տարածքից 20.620կգ. բրուտտո քաշով խաղողի արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն։
Մաքսային անցակետում բեռնատարի զննման ժամանակ պարզվել է, որ խաղողի արկղերի գերակշիռ մասը եղել է երկհատակ՝ հատուկ հարմարեցված, ապրանքների հայտնաբերումը դժվարացնելու համար, որոնցում, բացի հայտարարագրված խաղողից, հայտնաբերվել են մաքսային հսկողության ներքո գտնվող, մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 303.500 տուփ՝ 6.070.000 հատ ծխախոտ։
Հետազոտմամբ պարզվել է արտադրող ՍՊ ընկերությունը, իսկ դրանց մի մասի վրա առկա են եղել ակցիզային դրոշմանիշների նմանվող, սակայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող դրոշմանիշներ չհանդիսացող պիտակներ։
Պարզվել է, որ հիշյալ ՍՊ ընկերության կողմից նշված ծխախոտները Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվել են առանց ակցիզային դրոշմապիտակների և առանց հարկային հաշիվների դուրս գրման, իսկ «Ջ.» ՍՊ ընկերությունը ստանձնել է դրանց արտահանումը։
Նախաքննության տվյալներով՝ ՍՊ ընկերության կողմից հիշյալ ծխախոտներն առանց ակցիզային դրոշմավորման և առանց համապատասխան հարկային հաշիվների դուրս գրման իրացնելու արդյունքում պետությանը պատճառվել է 113.274.448 ՀՀ դրամի վնաս, որից ԱԱՀ-ի գծով` 24.409.648 ՀՀ դրամ, ակցիզային հարկի գծով` 88.864.800 ՀՀ դրամ։
Նախաքննության ընթացքում առգրավվել և զննվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտները, խուզարկություններ են կատարվել մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտներն արտադրող ընկերության գործունեության, դրա պատասխանատու անձանց բնակության և ծխախոտների ապօրինի արտահանումը ստանձնած անձանց բնակության հասցեներում։
Քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է ընկերության կողմից առանց ակցիզային դրոշմանիշների և առանց համապատասխան հարկային հաշիվների ծխախոտների իրացման հանգամանքը, որի արդյունքում ընկերությանն առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա լրացուցիչ 135.815.763 ՀՀ դրամի հարկային պարտավորություն, որն ընկերության պատասխանատու անձանց կողմից ամբողջությամբ վերականգնվել է պետական բյուջե։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան