Մաքու՞ր է արդյոք տարած- հետ բերածը
Տարիներ շարունակ ապարդյուն փորձելով համոզել տարօրինակ հոտերի, բաղադրության, համի փաստերի մասին Վեոլիա Ջրին, , ընտանիքի մեծ մասը անցավ շշալցված ջուր խմելուն։ Այդ ընթացքում ծորակի ջուրը բուրում էր քլորի հոտով (իսկ ըստ հարևանի՝ յոդի), կանգնած ջրի հոտով, թթվահամով․․․ Համոզվելով, որ բան չի փոխվում, որոշեցինք տեղադրել ջրի դիսպենսեր, ու այստեղ նոր խնդիրներ առաջացան։
Պարզվեց, որ տարայի գինը արծաթե մատանու գնի է՝ 6-7 հազար դրամ։ Կամ էլ պիտի պայմանագիր կնքել «Մաքուր ջրի» հետ, «ձրի» տարայով ջուր գնելու համար։ Քանի որ կարդալու սովորություն ունեմ, սկսեցի ուսումնասիրել «Մաքուր ջրի» ինտերնետ էջը, միամտաբար հույս ունենալով, որ դեռ կարող եմ դատարկ տարա ձեռք բերել՝ ինքնուրույն այն լցնելու համար։
Բայց ընկերությունը այլ պայմաններ է թելադրում՝ հենց իր ջուրը գնել տալու համար։ Ճիշտն ասած, երբևէ չեմ կարդացել բողոքների մասին, ինչը շատ զարմանալի է, հաշվի առնելով faq-ը։
Տեսեք՝ գնում եք ջուրը տարայով, ջուրը վերջանում է, ընկերությունից գալիս են, տանում են դատարկ տարան, բերում են լիքը։ Ու տարաները չեն ոչնչացվում, ամեն անգամ ձեզ նոր տարա չեն բերում։ Ձերը տանում, լցնում, տալիս են ուրիշի, ուրիշինը երրորդի, հարյուրերորդինը՝ ձեզ։ Ու երբևէ չե՞ք մտածել, որ ուրիշի տնից կամ թեկուզ օֆիսից ձեզ կհասնի ոչ մաքուր տարայով ջուր։
Որպեսզի մերկապարանոց չլինի ասածս, ինքներդ կարդացեք «Մաքուր ջրի» ֆաք-ի
համապատասխան մասը.
«Երբեմն նոր տեղաղրված ջրից քլորի համ է գալիս: Ի՞նչն է պատճառը
Կան անբարեխիղճ հաճախորդներ, ովքեր մեր շշերի մեջ լցնում են սովորական ծորակի ջուր և տեղադրում են դիսպենսերի վրա: Այլ ջուր մեր շշի մեջ լցնելն արգելվում է պայմանագրով: Երբ մենք նկատում ենք, որ հաճախորդներից մեկը երկար ժամանակ է, ինչ ջուր չի պատվիրում, խնդրում ենք նրան վերադարձնել մեր շշերը: Ցավոք, այդ շշերից շատերին արդեն "կպած" է լինում ծորակի ջրի համը: Շշալցումից առաջ ստուգվում են բոլոր շշերը, և եթե շշից ուժեղ քլորի հոտ է գալիս, մենք այդ շիշը խոտանում ենք, բայց թույլ հոտը, ցավոք, հնարավոր չի լինում 100% ստուգել: Այդ հազվադեպ դեպքերում շշից համը փոխանցվում է ջրին: Մենք շարունակաբար բարելավում ենք դատարկ շշերի վերադարձելիության վերահսկողությունը, որպեսզի այս խնդիրը վերացնենք«:
Եթե ծորակի ջրից մնում է քլորի հոտ, այնքան, որ 19լ ջուր լցնելուց հետո օգտագործողը դեռ զգում է քլորի հոտը... պատկերացնու՞մ եք տարայի վիճակը՝ մեկ, Վեոլիայի ջրում քլորի քանակը՝ երկու։
Ես չգիտեմ ինչու են օգտագործողները հեզ ու խոնարհ այս պայմաններով տարած-հետ բերած ջուրը ընդունում որպես մաքուր, այն դեպքում որ նույնիսկ ընկերությունը նույնիսկ քլորից զերծ լինելը չի երաշխավորում։ Էլ չեմ ասում, թե օրինակ չգիտեմ ովքեր օրինակ ինչեր կարող են անել այդ տարաների հետ, ինչ կարող է հայտնվել ծորակի քլորոտ ջրի փոխարեն տարաներում։
Ու նկատեք՝ «Մաքուր ջուրը» «Վեոլիա Ջրին» քլորացված ջուր վաճառելու մեջ է մեղադրում։
Անահիտ Ոսկանյան, ջրօգտագործող
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին