«Ժողովուրդ». Փաշինյանն ասել է՝ հանրաքվե չի լինելու, իրենց օրակարգում ԵՄ անդամակցության հարց չկա և չի կարող լինել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մինչ արտախորհրդարանական ուժերն այս օրերին հասարակության եվրոպամետ հատվածի ստորագրություններն են որսում, որպեսզի այդ միջոցով իշխանություններից պահանջեն ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել, Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցներին հրահանգել է՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե չի լինելու։
Այսպիսով, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ից արտախորհրդարանական եվրոպամետ մի շարք ուժեր ստորագրահավաք են անցկացնում. 50 հազար ստորագրության դեպքում նրանք համապատասխան ստորագրությունները ներկայացնելու են ԱԺ՝ պահանջելով Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել։ Նիկոլ Փաշինյանը, չնայած իր սատելիտ արտախորհրդարանական ուժերի նախաձեռնությանը, լրիվ այլ ծրագրեր ունի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության ձևաչափով քննարկումներից մեկի ընթացքում նա իր թիմակիցներին ասել է՝ հանրաքվե չի լինելու, իրենց օրակարգում ԵՄ անդամակցության հարց չկա և չի կարող լինել։
Այս տեղեկության առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՔՊԿ փոխնախագահ, վարչության անդամ Վահագն Ալեքսանյանի հետ, ով ասաց, որ վարչության նիստերը փակ են. «Երկրորդ՝ այն թեմաները, որոնք քննարկում ենք, մեր ռելիզներում հրապարակում ենք, իսկ այդ թեման ընդհանրապես չի քննարկվել և ռելիզներում էլ չկա»։ ՔՊԿ վարչության անդամ, ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ևս ասաց, որ վարչության նիստերի մասին տեղեկություն պաշտոնապես տրվում է, ինքը ոչինչ չունի ասելու։
Իսկ երբ նրանից հետաքրքրվեցինք՝ առհասարակ, իրենց օրակարգում կա՞ ԵՄ-ին անդամակցելու հարց, նման քննարկում կուսակցությունում ունեցե՞լ են, եթե ունեցել են, ի՞նչ ֆորմատով, նա խուսափողական պատասխան տվեց. «Խնդրում եմ, այդ մասով հարցեր մի ուղղեք, ես վարչության անդամ եմ, բայց հարկ եղած դեպքում՝ վարչության կողմից հայտարարություն տարածվում է։ Ես որևէ մեկնաբանություն կուսակցական գործունեության մասով չեմ ուզում եմ տալ»:
Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվեցինք նաև՝ ինքն անձնապես ի՞նչ դիրքորոշում ունի այս մասով, արդյոք իրատեսական համարո՞ւմ է ԵՄ անդամակցությունը: Պետրոսյանը կրկին խուսափեց պատասխանելուց՝ ասելով՝ «Ես դիրքորոշում չունեմ դրա վերաբերյալ հայտնելու»։
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, ով ստորագրահավաքի նախաձեռնողներից է, «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց. «Նիկոլ Փաշինյանն էլ ինձ հետ համակարծիք կլինի, որ Հայաստանում ժողովուրդն է իշխանությունը, իսկ ժողովուրդը գիտի՝ ինչ պետք է անել, մենք էլ ժողովրդի աջակցությամբ գիտենք՝ ինչպես պետք է առաջնորդենք այս շարժումը։ Մենք, օրենքով սահմանված կարգով, 50 հազար ստորագրությունն ենք հավաքում, որից հետո կտեսնենք՝ ԱԺ-ում ինչ ընթացք կունենա, և ըստ այդմ կորոշենք, թե ինչպես ենք գործելու. բայց որ իշխանությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ ժողովուրդը, այստեղ երկու կարծիք չկա»։
Ընթացակարգի համաձայն, եթե ԱԺ-ն 50 հազար ստորագրությամբ մերժի արտախորհրդարանական ուժերի այս նախաձեռնությունը, ապա նրանք կարող ենք 300 հազար ստորագրություն հավաքել և կրկին նույն օրակարգով դիմել ԱԺ։ ՀՀ Սահմանադրության 204-րդ հոդվածը սահմանում է. «Եթե Ազգային ժողովը մերժում է Սահմանադրության 109-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, ապա մերժումից հետո` վաթսուն օրվա ընթացքում, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը ընտրական իրավունք ունեցող ևս երեք հարյուր հազար քաղաքացու միանալու դեպքում նախագիծը դրվում է հանրաքվեի, եթե Սահմանադրական դատարանը նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող»:
Արման Բաբաջանյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է խորհրդարանի կողմից մերժում ստանալուց հետո՝ 300 հազար ստորագրություն հավաքելու ուղղությամբ սկսեն աշխատել. «Մենք որևէ բան չենք բացառում, բայց այդ մասով դեռ չունենք որոշում։ Ժողովրդի ոգևորությունը տեսնելով՝ կարծում ենք, որ 300 հազար ստորագրություն հավաքելու համար ոչ մի դժվարություն չի լինի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա