Հայի «չար կերպար» ստեղծելով՝ Ալիևն ամրապնդում է իր իշխանությունը երկրի ներսում. Մհեր Հակոբյան
Ալիևը Ադրբեջանի նոր ձևավորված մեջլիսի առաջին նիստում անդրադառնալով Հայաստանի ռազմական գնումներին նշել էր, որ այն երկրները, որոնք զինում են ՀՀ-ին, ուղիղ պատասխանատվություն են կրելու ապագայում սպասվող իրադարձությունների համար: Այդ ելույթից երկու օր անց Ադրբեջանը ստացավ Պակիստանից 1.6 մլրդ դոլարով գնված JF-17C (Block-III) կործանիչների խմբաքանակը։ Panorama. am-ը ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանին խնդրեց մեկնաբանել Ալիևի նման վարքագիծը, ինտնեսիվ սպառազինման ձգտումը և Հայաստանի հակաքայլերը։
«Ալիևի կողմից երկերեսանի քաղաքականություն է վարվում։ Այսինքը, այն ինչ իրեն է թույլատվրում, ըստ իրեն, մեզ չի թույլատրվում։ Ինքը ելնում է այն կանխավարկածից, որ մենք պատերազմում կապիտուլյացիայի ենք ենթարկվել և ըստ այդ, ենթադրում է, որ մենք չպետք է անենք բաներ, որոնք իրեն է թույլատրվում։
Երկրորդ՝ հայի «չար կերպար» ստեղծելով՝ Ալիևն ամրապնդում է իր իշխանությունը երկրի ներսում։ Ընդհանրապես նրա իշխանությւոնը հիմնված է արցախյան պատերազմի, շարունակվող հակամարտության, հայի «չար կերպարի» և նման հորինվածքների վրա։ Հատկապես, որ այն իրեն մի քանի տարի առաջ հաջողություն բերեց, այդ պատճառով էլ այդ թրենդից ինքը ոչ մի կերպ չի ուզում հրաժարվի։
Դրա համար էլ այդ երևույթն նա անընդհատ շահագործում է։ Եթե չշահագործի իր ժողովուրդն իրեն ասելու է. «Լավ, պրծանք պատերազմը, էլ չես կարող ասել, թե ինչու փողերը չեն գնում կոռուպցիայի դեմ պայքարի, ինչու է սահմանը փակ, ինչու եմ ես վատ ապրում»։
Ալիևի համար Հայաստանի հետ թշնամությունը բոլոր առումով շատ հարմար թրենդ է, նախ՝ իշխանությունն է ամրապնդում, էլ չեմ ասում, որ արցախյան խնդիրն իրեն «փառք» է բերել։ Եթե ինչ-որ մի բան մի մարդու փառք է բերում, այդ մարդը չի ցանկանում դրանից շուտ ազատվել։ Հատկապես, որ մեր իշխանությունների անատամ քաղաքականության ֆոնին էլ ամեն կերպ նման քաղաքականության համար լավ առիթ է ստեղծվում, ապա ինչու չանի։
Իրականությունն այն է, որ այս տարածաշրջանում պետք է միշտ զինված ու պատրաստ լինել՝ նաև տնտեսությամբ և կառավարման որակով։ Այս ֆոնին Հայաստանը բազմաթիվ ու մեծ խնդիրներ ունի, որն առանձին քննարկման թեմա է։ Միայն սպառազինության հարցը չէ։ Նախ պետք է այդ սպառազինությունն օգտագործել։ Երկրորդ՝ եթե այդ սպառազինությունը կառուցվածքային, բանակային մեխանիզմներով չամրապնդեցիր, ապա այն ինչպես տվել են, այդպես էլ ձեռքիցդ կվերցնեն՝ ռազմավարի տեսքով։
Հայաստանի կողմից արվում է որոշակի գնումներ, բայց այն նախ քիչ է, հետո էլ միայն մեկ բաղադրիչն է։ Եթե դու օդային գերակայություն չես ապահովում, կամ թշնամու հետ չես վիճարկում օդային գերակայությունը, ապա կունենաս այն վիճակը, ինչ ունեցանք 2020 թվականին։ Ուզում ես 100 կամ 200 հրանոթ ունեցի, ընդամենը ժամանակի հարց կլինի դրանք օդային հարվածներով մաշացնելը։
Կոնցեպտուալ լուծումներ են պետք։ Իսկ իշխանություններն էլ իրենց արածն ու չարածը գաղտնի են պահում, դրա տակ էլ փորձում են թերացումները սղացնեն։ Իրենք ասում են՝ Մենք անում ենք, բայց չենք ասում, բայց այն շատ հարմար առիթ է չարածը ասել գաղտնի է, այն հայտնի հնարքն է։ Սրան գումարած մեր երկում կա կառավարման որակի շատ լուրջ խնդիր։ Մենք գործող ինստիտուտներ չունենք, որպեսզի դրանք գործեն և կառույցների ղեկավարներին ապահովագրեն սխալերից։ Մեր կառույցները պայմանավորված են առաջին դեմքերի որակով, իսկ առաջին դեմքերը և ներկայացուցիչները պետական կառավարման փորձ չունեն։ Սա գերխնդիր է»,-ասաց Մհեր Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ստացել են Պակիստանից գնված կործանիչներ
- Ալիևը բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել. Աբրահամյան