WCIT2024/DigiTec-ի շրջանակներում կազմակերպելու է «Նորարարություններն ինքնավար համակարգերում» աշխատաժողովը
Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) և Գիտական նորարարության և կրթության կենտրոնը (CSIE) փոխըմբռնման հուշագիր (MoU) են ստորագրել, համաձայն որի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի՝ WCIT2024/DigiTec-ի օրերին, կկազմակերպվի «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողով։ Վերջինս համախմբելու է առաջատար փորձագետների, հետազոտողների և ոլորտի մասնագետների աշխարհի տարբեր երկրներից՝ համագործակցության և մտքերի փոխանակման հնարավորություն ստեղծելով։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել WCIT-ին այս բացառիկ հնարավորության համար։ 2021 թվականին, երբ հիմնադրում էինք Գիտական նորարարության և կրթության կենտրոնը, մեր նպատակն էր Հայաստանը դարձնել ինքնավար համակարգերի առաջատար կենտրոն։ Այսօր, WCIT-ի աջակցությամբ, նախաձեռնել ենք «Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողովը, որի շրջանակներում Հայաստանում կհյուրընկալենք ոլորտի առաջատար գիտնականների և մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։ Նրանք կգան Հայաստան ոչ միայն աշխատաժողովին մասնակցելու, այլև հայաստանյան ՏՏ ոլորտը ուսումնասիրելու և նոր կապեր հաստատելու համար», - ասել է Գիտական նորարարության և կրթության կենտրոնի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։
«Նորարարություններն ինքնավար համակարգերում» թեմայով աշխատաժողովը, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կանդրադառնա ստորջրյա, օդային և ցամաքային ռոբոտատեխնիկայի նորամուծություններին, դրանց կիրառման ոլորտներին և ապագա հեռանկարներին։ Մասնակիցները միջազգային փորձագետների հետ կքննարկեն ռոբոտների ինքնավարության մակարդակի բարձրացման տեխնոլոգիական լուծումները, մարտահրավերները, այդ համակարգերի ինտեգրումը տարբեր արդյունաբերական ոլորտներում: Աշխատաժողովը հնարավորություն կտա ոչ միայն ոլորտի ներկայիս լուծումներն ուսումնասիրել, այլև ապագա տեխնոլոգիական զարգացումների համար նորարար մոտեցումներ մշակել։
Աշխատաժողովի խոսնակներից են Նաիրա Հովակիմյանը, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի Մեխանիկական գիտությունների և ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Գրեգորի Չիրիկջյանը, ԱՄՆ Դելավերի համալսարանի Մեխանիկական ինժեներիայի ամբիոնի ղեկավար, Էրիկ Ֆերոնը, Սաուդյան Արաբիայի Աբդուլլահ թագավորի անվան գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (KAUST) պրոֆեսոր, և այլ նշանավոր մասնագետներ։
Աշխատաժողովի և գրանցման վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ CSIE-ի կայքէջում։
WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:
WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին, Հայաստանը կվերածի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը շուրջ 20 երկրներից ընտրված ստարտափների շրջանում, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան