Ոչ թե 100 տարվա արդյունքով կարողացանք լինել լավագույնը, այլ 32, որն ավելի դժվար է. Սմբատ Լպուտյան
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը աշխարհում շախմատի կրթության և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար ՖԻԴԵ-ի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: Պարգևատրումներն իրականացվել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի շրջանակում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում:
Panorama.am-ի հետ զրույցում Սմբատ Լպուտյանն ասաց, որ իրականում Հայաստանի հավաքականը 32 տարի է մասնակցում միջազգային մրցաշարերի։
«Այդ 100-ամյակում մենք վերջին 32 տարվա ընթացքում կարողացանք հաղթել երկրների, որոնք 100 տարի են պայքարել։ Ոչ թե 100 տարվա ընթացքում կարողացանք լավագույնը լինելը, այլ 32 տարվա ընթացքում, որն ավելի դժվար է»,- նշեց նա։
Ս.Լպուտյանը հիշեցրեց, որ 32 տարում Հայաստանի հավաքականը երեք անգամ եղել է օլիմպիական չեմպիոն (2006թ, 2008 թ., 2012 թ.), երեք անգամ՝ բրոնզե մեդալակիր, երկու անգամ՝ արծաթե մեդալակիր։
«Ես գիտեի, որ այս ընթացքում մենք առաջինն ենք եղել աշխարհում, բայց 100-ամյակի հետ կապված չէի ուսումնասիրել։ Իհարկե, կարծում եմ, սա պատմական նորություն է որևէ երկրի համար, համարում եմ մեծ հպարտություն, որ ամբողջ աշխարհում 100 տարվա ընթացքում Հայաստանի հավաքականը դարձել է առաջինը»,- ասաց Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը:
Սմբատ Լպուտյանի խոսքով, սա վկայում է այն մասին, որ Հայաստանը թիմային մրցաշարերում շատ հզոր է. «Շատ անգամ մեր հասարակությունը խոսում է, որ մենք երբեք թիմային չենք։ Մի բան ասեմ. ես ինքս նույնիսկ, երբ կողքից նայում էի մեր թիմին, չէի կարողանում հավատալ, թե որքան հզոր ենք դառնում, երբ թիմով ենք։ Դա նկատում են բոլորը։ Այնքան երկրների ներկայացուցիչներ են եկել ու շնորհակալություն հայտնել՝ տեսնելով, թե ինչպիսին պետք է լինի թիմը։ Երբ միասնական ենք, դառնում են գերհզոր տեսակ։ Դրանով ենք մենք հաղթել և օրինակ ենք ցույց տալիս, որ աշխարհում, լինելով փոքրիկ երկիր, կարող ենք լինել աշխարհում շատ հզոր երկիր շախմատի ոլորտում»։
Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ի կողմից իրեն տրված հատուկ մրցանակին, Ս.Լպուտյանն ասաց. «Չէի սպասում, վերջին երկու օրն եմ իմացել այդ մասին, նույնիսկ ներկա չեմ եղել պարգևատրմանը։ Իմ ամբողջ կյանքում ես փորձել եմ ծառայել շախմատին։ Շախմատը համարում եմ բարիք աշխարհի համար»։
Անդրադառնալով Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականների ցուցաբերած արդյունքին՝ կանանց հավաքականը լավագույն հնգյակում է, տղամարդկանց հավաքականը 6-րդը, Ս. Լպուտյանը շատ բարձր գնահատեց հայ շախմատիստների խաղը.
«Տղաները հիանալի են խաղացել, հատկապես երիտասարդները։ Կանանց հավաքականը նույնպես հիանալի խաղ ցույց տվեց, այնքան մոտ էին մեդալակիր լինելուն։
Համարում եմ գերազանց արդյունք։ Նորից զարմացրեց մեր թիմը։ Օրինակ, Ամերիկայի թիմը, որտեղ խաղում է նաև Լևոն Արոնյանը, մեր չափ միավոր է հավաքում, իսկ այնտեղ աշխարհահռչակ շախմատիստներ են խաղում»։
Ս.Լպուտյանի խոսքով, բնականաբար, Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ է Հայաստանի հավաքականի համար. «Նա թիմի առաջնորդն էր, մեծ ուժ էր տալիս թիմին։ Բայց 2022 թվականի օլիպիադայում Լևոնը խաղում էր ԱՄՆ թիմից, մենք ավելի լավ արդյունք ցույց տվեցինք, քան ԱՄՆ-ն։ Դա վկայում է այն մասին, որ մեր թիմը չկոտրվեց, նորից իր ուժերով կարողացավ ներկայանալ բարձր որակներով»։
Սմբատ Լպուտյանի հետ խոսել ենք նաև դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրման ու այսօր շախմատի նկատմամբ պետության վերաբերմունքի մասին։
«Հայաստանը միակն է աշխարհում, որ ունի շախմատի գիտահետազոտական ինստիտուտ, մեր հետազոտություններն այսօր տարբեր ամենախոշոր, ամենահայտնի ամսագրերում է տպագրվում։ Շատ երկրներ գալիս են Հայաստան, մտնում են դպրոցներ, փորձում են ուսումնասիրել մեր նյութերը, հասկանալ խնդիրները։
Այն, ինչ ունենք, այսօր պետք է մեր կրթական համակարգի համար լիներ հպարտություն։ Որևէ այլ ոլորտում մենք աշխարհին ասելիք չունենք։ Միակը, որն աշխարհին այսօր շատ հետաքրքրում է, շախմատի դպրոցներն են ու Հայաստանը միակ երկիրն է, որ կարողացել է դա ամբողջական իրականացնել։ Ցավում եմ, որ այս օրերին չեմ նկատում այդ գիտակցությունը, կարևորությունը։ Նկատում եմ անտարբերություն։ Գանձը, որը մենք կարողացել ենք ստեղծել մեր երեխաների, գալիք ժամանակի համար, նրանց մտածելու որակներն ավելի լավացնելու համար, Հայաստանում այդքան չի գնահատվում»,- ասաց Ս. Լպուտյանը։
Հայաստանի տարածքում գործող Շախմատի ակադեմիայի 53 մասնաճյուղից այսօր գործում է ընդամենը 30-ը։ Վերջին տարիներին, ֆինանսական խնդիրների պատճառով, 23 մասնաճյուղ փակվել է։
Հայաստանում մանկապատանեական շախմատի, Ռուսաստանի և Բելառուսի շախմատի հավաքականների՝ ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին վերադառնալու թույլտվության և այլ հարցերի մասին մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Օլիմպիադայում ցույց ենք տվել երբեւէ ունեցած լավագույն արդյունքը․ Էլինա Դանիելյան
- Շախմատի համաշխարհային 45-րդ օլիպիադայում Հայաստանի կանանց հավաքականը 5-րդ հորիզոնականը զբաղեցրեց
- Շախմատի Հայաստանի հավաքականը Օլիմպիադայի վերջին տուրում հաղթեց և բաժանեց 2-6 տեղերը
- Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան