Ցմահ դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը՝ Հայաստանի նկարիչների միությունում
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված Զաքար Զոհրաբյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
«Երկրաչափական շարժումներ» խորագրով անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Հայկ Թովմասյանի նախաձեռնությամբ և դատապարտյալ Զաքար Զոհրաբյանի հարազատների օժանդակությամբ։
Ողջույնի խոսքով հանդես է եկել նկարիչների միության փոխնախագահ Լևոն Աբրահամյանը, որը հանձնել է անհատական ցուցահանդեսի բացման հավաստագիր և նվերներ՝ դատապարտյալին փոխանցելու համար։ Հյուրերին ողջունել է նաև Հայկ Թովմասյանը և ընթերցել Զաքար Զոհրաբյանի ուղերձը հանդիսատեսին՝ շնորհակալական խոսքերով և անձնական մտորումներով։
Բացման արարողությանը ներկա են եղել դատապարտյալի հարազատներն ու մերձավորները, արվեստի գործիչներ և այլ հյուրեր։
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը։