Կոբախիձեն մեկնաբանել է Բայդենի հետ ընդունելության իր հրավերի չեղարկումը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անլուրջ է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ընդունելության իր հրավերը չեղարկելու Սպիտակ տան վարչակազմի որոշումը։
Մինչ այդ վրացական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սպիտակ տան վարչակազմը Կոբախիձեին ու վրացական պատվիրակության անդամներին հանել է Բայդենի հետ ընդունելության հրավերների ցանկից։ Ավելի ուշ Թբիլիսիի պաշտոնյաները հաստատել են այս տեղեկությունը։ Կոբախիձեն Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին։
«Ես չեմ կարող առանձնահատուկ մեկնաբանություններ անել, դա անլուրջ է, 3 օր առաջ հրավեր ուղարկեցին, հետո չեղյալ համարեցին՝ ընդդիմության օգտին։ Ինձ համար դժվար կլինի հետագա մեկնաբանություններ անել այս թեմայի շուրջ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Կոբախիձեն՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ: