Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթություններից է. Միրզոյան
«Կայուն զարգացմանը հնարավոր չէ հասնել առանց տևական խաղաղության հաստատման։ Այսօր բազմաթիվ տարածաշրջաններում մենք ականատես ենք ագրեսիայի, զինված հակամարտությունների, աշխարհաքաղաքական լարվածության և անվստահության, որոնք լրջորեն խաթարում են զարգացման առաջընթացը։
Մեր տարածաշրջանը նույնպես բախվել է բազմաթիվ մարտահրավերների»,- Մեծ քսանյակի նախարարական երկրորդ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
նա նշել է, որ Հայաստանի զարգացման նկրտումների վրա կտրուկ ազդել են լայնածավալ պատերազմի, նրա ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիաների և Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչության (շուրջ 140.000) բռնի տեղահանման հետևանքները։
«Չնայած վրա հասած աղետներին՝ ՀՀ կառավարությունը վճռական է տրամադրված իր հավակնոտ բարեփոխումների ծրագիրը իրականացնելու հարցում։ Այն ուղղված է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների առաջմղմանը, օրենքի գերակայության և գենդերային հավասարության հաստատմանը, ինչպես նաև երիտասարդության հզորացմանը։
Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գլխավոր առաջնահերթություններից է, և մենք ջանք չենք խնայում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։ Մենք մշակել և ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս։ Այդ նախագծի առանցքային իմաստն է զարգացնել փոխկապակցվացությունը Հայաստանի և հարևան երկրների միջև։ Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, նոր հնարավորություններ կստեղծի բեռների և քաղաքացիների տեղաշարժի համար՝ նպաստելով քաղաքական երկխոսությանը, խաղաղությանը և բարգավաճմանը տարածաշրջանում և դրանից անդին։ Մենք ապավինում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությանը՝ վերը նշված նպատակներն առաջ մղելու գործում։
Մենք ընդունել ենք «Հանուն ապագայի դաշնագիրը», ինչը մեզ հնարավորություն է ընձեռում վերահաստատել մեր հանձնառությունը վերափոխված բազմակողմանիությանը, որն ուղղված է առաջիկա մարտահրավերներին առավել արդյունավետ կերպով արձագանքելուն և գալիք սերունդների համար ապահով, կայուն և բարգավաճ ապագա ապահովելուն»,- իր ելույթում ասել է Ա. Միրզոյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ ԱԳՆ կայքում։