Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
«Ցորենի կարևորությունը գեոպոլիտիկ գործընթացներում լուրջ խնդիր է։ Բոլորս շատ լավ գիտենք, թե Հայաստանում սպառվող հացահատիկի որ տոկոսն ենք մենք արտադրում, և որքանով ենք կախվածության մեջ։ Եթե մենք գիտենք, որ կախվածության մեջ ենք, ուրեմն չի կարելի պոռոտախոսությամբ զբաղվել այնքան ժամանակ, մինչև դու քո պրոբլեմը չես լուծել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց պարենային իրավունքի մասնագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը՝ արձագանքելով էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Գևորգ Պապոյանի այսօրվա հայտարարությանը։
Նշենք, որ ՔՊ-ական պաշտոնյան այսօր մասնավորապես ասել է. «Հայաստանում ցորենի արտադրությունն տնտեսապես ձեռք չտվող գործընթաց է։ Մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400 հազար դրամի ցորեն, այն դեպքում, երբ ծախսվում է 420 հազար դրամ։ Ես շատ կքննադատեմ այն տնտեսական քաղաքականություն մշակողին, որը ՀՀ-ի սահմանափակ հողային ռեսուրսը ինտենսիվ այգեգործության փոխարեն կօգտագործի ցորենի մշակման մեջ»։
Տնտեսության դիվերսիֆակացման մասին հաճախ հայտարարություններ հնչեցնողներին Պիպոյանը խորհուրդ է տալիս հաշվի առնել Հայաստանի աշխարհագրություը, բնակլիմայական պայմանները, անցյալի դասերն ու իրականությունը։
«Արցախի հայաթափման չարաբաստիկ օրվանից մեկ տարի է անցել, բոլորս հիշում ենք, թե ազգաբնակչությունն ինչ պայմաններում էր հայտնվել բլոկադայի ժամանակ։ Ինչպե՞ս կարելի է ապրել Հայաստանում, աչքի առաջ ունենալ այդ օրերը, ավելին աչքի առաջ ունենալ միջազգային հանրության մոտեցումն ու կարողությունները, նման հայտարարություններ անել։ Մենք պետք է հասկանանք, որ ունենք ներկայիս բնակլիմայական պայմանները, որոնք չեն փոխվելու դեպի դրականը, և պետք է հասկանանք՝ մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը»,-ասաց Պիպոյանը։
Նա որպես սննդագետ հաճախ է իրականացնում հետազոտություն՝ պարզելու ազգաբնակչության սննդակարգը։
«Ոչ ոք այս երկրում մեզանից լավ չգիտի Հայաստանի Հանրապետությունում ալրային հենքով սննդատեսակների կարևորությունը մարդկանց սննդակարգում և որպես էներգիայի աղբյուր։ Մենք ունենք ազգաբնակչության խոցելի խմբեր, որոնց էներգիայի մեծ մասն ապահովում են ալրային հենքով մթերքները, հետևապես անգամ շուկայում հացահատիկի գնի տատանումը էական ազդեցություն է ունենալու մեր սպառողների պարենային հասանելիության վրա։ Սա շատ կարևոր հանգամանք է»,-ընդգծեց գիտնականը։
Պիպոյանի խոսքով, պետությունը պետք է գործուն քայլեր իրականացնի հացահատիկի ինքնաբավության բարձրացման, դրա ինքնարժեքի նվազեցման ուղղությամբ։
«Այո, գինը շատ կարևոր է, շատ կարևոր է, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ կարողանում է ապահովել, այս պահին հացահատիկի խնդիր չունենք, բայց պետք է հասկանանք մի քանի կարևոր բան։ Եթե հասկանում ենք մեր կախումն ու պարենային ապահովության խոցելիությունը, ուրեմն պոռատախոսությամբ զբաղվելու փոխարեն պետք է առնվազն շնորհակալություն հայտնել քեզ հաց ու ցորեն տվողին։ Դուք գիտակցում եք, որ իմ այս հայտարարությունները կարող են ոչ պատշաճ մեկնաբանումներ ստանալ, բայց ես բացարձակապես չեմ առաջնորդվում էմոցիաներով, ոչ ֆեյսբուքում, ոչ ինսթագրամում, ոչ սոցիալական այլ հարթակում անուղեղների գրած մեկնաբանություններն ինձ չեն հետաքրքրում, ինձ հետաքրքում են փաստերը, քանի որ այս երկրում շատերն առաջնորդվում են ոչ թե իրականությամբ ու փաստերով, այլ ինչ-որ տարբեր գաղափարներով։ Շատ հաճախ ինձ թվում է, որ նաև կիրթ մարդիկ հայտարարություններ անելիս քնած են մնացել, երազ են տեսնում՝ մոռանալով, որ իրենց նշած զարգացած աշխարհը բացի կոչերից ու հայտարարություններից, երբ պարենային խնդիր կար Արցախում, որևէ հարց չլուծեց։ Այսօր բոլորն այդ մասին մոռացել են։ Նույնը վերաբերում է պարենային ապահովությանը։ Ուզո՞ւմ եք կախվածությունը կրճատել Ռուսաստանից, ի սեր աստծո, կրճատեք։ Ես երջանիկ կլինեմ։ Բայց փաստերով ես ուզում եմ հասկանանք, որ գոյություն ունի իրականություն, իսկ կենացներ ասողները, ցանկություններ հայտնողները, ակնահաճո ու ականջահաճո գրառումներ անողները մոռանում են, որ իրենք ապրում են Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մի հարևանը Թուրքիան է, մյուսը՝ Ադրբեջանը։ Հայտարարություններից առաջ եկեք ունենանք գործողությունների ծրագիր, ես պատրաստ եմ ամեն կերպ օժանդակել, որ մենք ունենանք պարենային անվտանգություն, բայց քանի դեռ ցորենի ինքնաբավության հարց չես լուծել, սպառվող ցորենի մեկ երրորդը ներմուծում ես, պետք է հասկանանք, որ կան լրջագույն խնդիրներ։ Ճոռոմ խոսելուց առաջ եկեք հաշվի առնենք այն իրականությունը, որում մենք ապրել ենք։ Առնվազն հետ գնացեք համավարակի օրեր ու հիշեք խանութների վիճակը, հիշեք քարտեզը, մեր բնակլիմայական պայմանները։ Այո, Հայաստանում ցորեն արտադրելը պետք է լինի ավելի թանկ, քանի որ դա պարենային անվտանգության խնդիր է, ցորենը պարենային անվտանգության անկյունաքարն է։ Դա նույնն է, որ ասեն ռազմարդյունաբերությունը ձեռնտու չէ»,-ասաց սննդագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- 2023 թ.-ին 45 հազար տոննա ցորենի կորուստ են ցույց տվել, այս տարի էլ հացի խնդիր ենք ունենալու. Աշոտ Հարությունյան
- Լարսի փակ լինելու պատճառով 3 լաստով Հայաստանի համար ցորեն է բերվում. Գեղամ Գևորգյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան