Կույր և տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար ստեղծվել են «Սասունցի Դավիթ» էպոսի 7 պատկերազարդման շոշափելի կրկնօրինակները
«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել են Երվանդ Քոչարի ձևավորած «Սասունցի Դավիթ» էպոսի 7 պատկերազարդման շոշափելի կրկնօրինակները։ 1939-ին Քոչարը ձևավորել է «Սասունցի Դավիթ» էպոսի հոբելյանական հրատարակչությունը․ գուաշով ստեղծված 7 նկարը Վարպետը գծագրել է քարե հարթաքանդակների տեսքով՝ «Կռիվը առյուծի հետ», «Սասունցի Դավիթը ձիու հետ», «Դավիթը ոսկու կոտով խփում է Կոզբադուն», «Դավիթը ձիու վրա», «Դավիթը հոտաղ», «Դավթի կռիվը Մսրա Մելիքի հետ», «Բերդի անվանադրումը»։
«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծված շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Պատկերը կկարողանան «տեսնել» կույր և տեսողության հետ խնդիրներ ունեցող մարդիկ։
Շոշափելի պատկերազարդը ապահովված է տիֆլոմեկնաբանությունով (7 կտավի ձայնագրված նկարագրությունով. զուգահեռ ընթերցվում է նաև էպոսի այն հատվածը, որը ներկայացված է պատկերում), Բրայլի այբուբենով ներկայացված տեղեկատվությամբ, QR-կոդով՝ YouTube-յան ալիքում տեղադրված տիֆլոմեկնաբանության հղումով։
Տիֆլոմեկնաբանությունները ձևավորվում են համապատասխան երաժշտությամբ. նախագծի հնչյունային ռեժիսորն է Վահան Նահապետյանը, ով, պատկանելով նախագծի թիրախային խմբին, հանդես է գալիս նաև՝ որպես նախագծի գլխավոր փորձագետ։
Տիֆլոմեկնաբանությունները կարդում է Բաբկեն Չոբանյանը։
Նախագծի արդյունքում ստեղծված շոշափելի պատկերազարդները փոխանցվել են Երվանդ Քոչարի թանգարանին։ Նախագիծն իրականացնում է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երվանդ Քոչարի թանգարանի հետ համագործակցությամբ։
««Խոսող կտավներ» ներառական նախագծի գլխավոր նպատակը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր կերպարվեստի աշխարհ ներգրավվելն է։ Մենք ուզում ենք կույր և թույլ տեսողություն ունեցող մարդկանց հնարավորություն ընձեռել՝ ծանոթանալ կերպարվեստին, օգնել նրանց «տեսնել» հայ վիզուալ արվեստի վարպետների գլուխգործոցները, լսել և պատկերացնել նկարին եղած ամեն մանրամասները, որոնք նրանք չեն կարող տեսնել իրենց աչքերով։ Մենք ուզում ենք, որպեսզի մեր՝ տեսողությունից զուրկ հայրենակիցները, այցելելով պատկերասրահները, իրենց դուրս մնացած չզգան մի հասարակությունից, որը հաշվի չի առնում իրենց իրավունքը՝ «տեսնել» նկարները հաշմանդամություն ունեցող անձին հասու միակ միջոցով՝ մատներով դիպչելով հայտնի նկարի շոշափելի պատճենին և տիֆլոմեկնաբանությունը լսելով»,- նշում է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան։
Նշենք, որ նախագծի շրջանակում արդեն իսկ ստեղծվել են Ալեքսանդր Թամանյանի «Երևան քաղաքի գլխավոր հատակագծի» շոշափելի կրկնօրինակը, Մարտիրոս Սարյանի վեց գործերի՝ Պաննո «Հայաստան», «Արագած», «Կոստանդնուպոլսի շները», «VII դարի Կարմրավոր եկեղեցին. Աշտարակ», «Դեպի աղբյուր», «Երևանյան բակը գարնանը» շոշափելի կրկնօրինակները, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից 6 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ. «Սևանի Աստվածամայր» (անհայտ հայ նկարիչ), «Հայաստան» (Մարտիրոս Սարյան), «Հացը լեռներում» (Գրիգոր Խանջյան), «Խնոցի» (Մինաս Ավետիսյան), «Կոմիտաս․ Վերջին գիշերը» (Սարգիս Մուրադյան) и «Սալոմե» (Վարդգես Սուրենյանց): Նախագիծը շարունակում է իր ընթացքը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան