Այս պրոցեսը կարելի է անվանել՝ ՍՈւ-30 ինքնաթիռների դուբլ-2. Գիտնականները՝ Գիտության ոլորտի նոր օրենքի մասին
«Այս պրոցեսը կարելի է անվանել՝ ՍՈւ-30 ինքնաթիռների դուբլ-2»,- «Մեդիա կենտրոն»-ի մամուլի սրահում ասաց EarlyOne-ի հիմնադիր, Limetech-ի հիմնադիր, ԱՏՁՄ և «Գիտուժի» անդամ Գևորգ Սաֆարյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի շրջանառվող նախագծին։
Նա հիշեցրեց, թե այդ ինքնաթիռներն ինչ ոգևորություն առաջացրեցին Հայաստանում, բայց արդյունքում ոչ մի կրակոց չարձակեցին և, ըստ բանախոսի, խնդիրը կապված է ռազմավարությունների, դոկտրինների, այլ ռեսուրսները ճիշտ չհաշվարկելու և այլ հանգամանքների հետ։
«Այսօր մենք ականատես ենք լինում գիտության ոլորտը կարգավորող օրենքի մի քննարկման, որտեղ այս տարիների ընթացքում այդպես էլ ականատես չեղանք ռազմավարության, ռեսուրսների, համակարգերի հստակ գնահատման և այսօր այս ամենի բացակայության պարագայում առաջարկվում է օրենք, որը բերում է համակարգերի մեծ փոփոխություներ՝ առանց նպատակների հստակության, ռազմավարության, թե՛ պետական, թե՛ գիտության ոլորտում, թե՛ առհասարակ փոխկապակցված այլ ոլորտներում»,- ասաց «Գիտուժի» անդամը։
Սաֆարյանը շեշտեց, որ եթե գործընթացը ճիշտ չի կառավարվում, ապա արդյուքնները կլինեն անդառնալի։
«Նման մեծ փոփոխությունները, որոնք բերվում են այս օրենքի նախագծի շրջանակներում, կարող են ազգային անվտանգության խնդիր առաջացնել»,- ասաց բանախոսը՝ նշելով, որ բնականոն առաջընթացի համար պետք է լինի նպատակ, հստակ ծրագիր և դրան հասնելու ռեսուրսներ, որտեղ քննարկվող օրենքը մի միավոր է ընդամենը։
Robomart-ի համահիմնադիր, գլխավոր տեխնոլոգիական տնօրեն, «Գիտուժի» անդամ Տիգրան Շահվերդյանը նշեց, որ իրենց կարգախոսն է եղել՝ «Հզոր գիտություն՝ ուժեղ պետություն», բայց մինչ օրս դաշտ են բերվում միայն թերի օրինագծեր։
«Թվում է թե «Հզոր գիտություն՝ ուժեղ պետություն» կարգախոսի մի կեսն են հասկացել, այն էլ շատ դանդաղկոտ են։ Գիտության և պետության կապը չի երևում այս բոլոր պրոցեսներում։ Այս օերնքում մենք չենք տեսնում կապը պետական կարիքներիրց բխող գիտական հետազոտություններ իրականացնելու մասին»,-հայտնեց Շահվերդյանը։
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն էլ ասաց, որ օրենքով նախանշված նպատակների կատարման ռիսկերը մեծ են։
«Մենք քննարկման ենք դնում օրենք՝ տակավին զրոյական վիճակով, վատ իմացության մթնոլորտում՝ լավ չիմանալով, թե այդ մոտեցումն ինչի կարող է բերի, ինչ ռիսկեր կան դրա հետ ու ինչ կլինի, եթե այս ամենը ձախողվի»,- նշեց Առաքելյանը՝ ընդգծելով, որ խոսքը գնում է տրիլիոն դրամի մասին, բայց հիմնավորում չկա, կան բառեր և ցանկություններ։
Նա նկատեց, թե ինչպես եղավ, որ Ժաննա Անդրեասյանը հանդիպեց և օրենքը քննարկեց համալսարանների ռեկտորների հետ, բայց չհանդիպեց և քննարկում չկազմկերպեց ԳԱԱ- ղեկավարության և ինստիտուտների տնօրենների հետ, արդյունքում նոր օրենքով գիտությունը կրթության նկատմամբ դրվում է ստորադաս դիրքում։
Ըստ Առաքելյանի՝ օրենքով նաև ԳԱԱ ինստիտուտները միավորում են ԲՈւՀ-երի հետ և այդ կարևոր փոփոխությունները չեն քննարկվել գիտական հանրության հետ և 100 է(անոօց օրենքի մասին կարծիք ստանալու համար հատկացվել է երկու ամիս։ Բանախոսները հայտնեցին, որ որպես խորհրդարանական երկիր, դիմելու են ԱԺ՝ օրենքի շուրջ պատշաճ քննարկում կազմակերպելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
- Կրթության և գիտության ոլորտում ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը չի ծառայում հայկական շահին. Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները